«Եթե կազմակերպիչները չեն կանխում, նշանակում է դեմ չեն, որ իրենց աջակիցները ագրեսիա դրսևորեն». Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, կառավարող ուժի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հերթական երթի ժամանակ ակցիայի մասնակիցները շշեր են նետել դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ ու վիրավորել նրան, նման դեպք էլ եղել էր «Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս կատարվածը, բողոքի ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները կարո՞ղ են այնպես անել, որ նման դեպքեր առհասարակ չլինեն:

– Սա առաջին դեպքը չէ ու վերջինն էլ չի լինելու: Սա ցույց է տալիս որպես ընդդիմություն հանդես եկողների որակը: Զգուշացնում են մեզ, թե ինչպիսի երկիր ենք ունենալու, եթե իրենք գան իշխանության: Ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերվելու իրենց հետ չհամաձայնողների, իրենց գործունեությունը քննադատողների ու բոլոր նրանց հետ, ում յուրային չեն համարի: Այդ ամենը մենք տեսել ենք ու լավ հիշում ենք, իսկ նրանց դրսևորած ագրեսիվ վարքը հուշում է, թե ինչու չի կարելի նրանց շարքերում լինել: 

Կազմակերպիչներն իրենք պետք է կանխեն իրենց աջակիցների կողմից այդ ագրեսիայի դրսևորումները, բայց քանի որ սա առաջին դեպքը չէ, ու չեն կանխում, նշանակում է նրանք դեմ չեն, որ իրենց աջակիցները նման ագրեսիա դրսևորեն:

– Իշխանության ու ընդդիմության և նրանց աջակիցների ՝ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքն ինչպե՞ս եք գնահատում, բառապաշարը, որով երկու կողմերը բնորոշում են իրար, նորմա՞լ է:

– Եկեք երեք կողմ հաշվենք. երկու կողմ կա, այսպես կոչված, ընդդիմություն, հետո՝ իշխանություն, և կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն:

Իշխանությունն ու ընդդիմությունը իրար շատ նման են, փոխլրացնում են իրար, գոյություն ունեն իրարով, ինքնահաստատվում են իրարով ու մեկը մյուսի կարիքն ունեն: Սա դրսևորվեց և՛ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, և՛ այս ողջ ընթացքում է դրսևորվում: 

– Պարո՛ն Հարությունյան, իսկ նման վարվելակերպն ի՞նչ հետևանքներ է ունենալու, անկախ հանգամանքից՝ կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ:

– Մենք կորուստներ արձանագրել ենք արդեն ու շարունակում ենք արձանագրել ամեն օր, որովհետև մեր երկրի գլխին կախված է լուրջ վտանգ, և փոխանակ համատեղ ծրագրեր իրականացնեն՝ թշնամություն են քարոզում իրար նկատմամբ, ագրեսիվ են միմյանց հանդեպ, իսկ այս իրավիճակում հուսադրող ոչինչ ասել չեմ կարող: 

– Երբ հանրահավաքի գլխավոր դերակատարները, օրինակ՝ Իշխան Սաղաթելյանը, հայտարարում է, թե «ով չի միանում այս պայքարին՝ Նիկոլ է», մեկ ուրիշն ասում է՝ «չեք միանում, ջհանդամին միանաք», սա ի՞նչ «տեխնոլոգիա է», այս կերպ նրանց կհաջողի՞ մարդկանց համախմբել իրենց շուրջը:

– Դա խոսում է նրանց որակի մասին, ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում մարդկանց, նրանց, ում յուրային չեն համարում:

Պարո՛ն Հարությունյան, իսկ այդ որակը ստեղծել է սովորական քաղաքացի՞ն, որովհետև ասում են, եթե չկա պահանջարկ՝ չի լինում առաջարկ: Մեր հանրությունը նման բառամթե՞րք է պահանջում:

– Դժվար է ասել, բոլոր հասարակություններում էլ կան այս կարգի դրսևորումներ, ուղղակի մեզանում դրա տեսակարար կշիռը մեծ է: Պատճառը երևի պետք է փնտրել 2020 թվականի պարտության մեջ: Պարտությունը մեզ բոլորիս դարձրել է շատ դյուրագրգիռ, շատ լարված: Մինչ այդ ավելի նորմալ էր, իհարկե, էլի թշնամություն կար, թշնամության քարոզ կար, բայց այս կարգի թեժ չի եղել, իսկ այս պահին ավելի կենտրոնացված է այդ ամենը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am