«28-ին զանգ չեկավ, 29-ին էլ չի զանգել, 30-ի առավոտ իրա խաբարն էկավ». որդեկորույս մայր՝ կյանքը խավարել է

Լենա Թովմասյանը հուզմունքով ասում է, որ եթե չլիներ պատերազմը, մի քանի ամիս անց՝ օգոստոսին, որդուն պետք է տանը դիմավորեր։

Սակայն որդուն տանը սպասելու փոխարեն մայրն է այցելում որդու գերեզման, խնկարկում ու ներողություն է խնդրում, որ ինքն ապրում է, որդին՝ ոչ։

«Ասում եմ՝ ներողություն, որ ես ամեն օր քնում-արթնանում եմ իրա ու մնացած բոլոր երիտասարդների կյանքի գնով։ Որ մենք կանք, իրանք կյանքը չեն վայելում, իրանք պիտի ապրեին, կյանքն իրանց էր տրված, ոչ թե մեզ, իրանք արժանի չէին էդ դաժանությանը, իրանք երիտասարդ էին»,- հուզմունքով ասում է Լենան։

Լենայի որդին՝ 18-ամյա Սերյոժան, որը մեկ ամիս էր, ինչ մեկնել էր ծառայության, զոհվել է 44-օրյա պատերազմի երրորդ օրը։

Սերյոժան սեպտեմբերի 27-ին զանգել է տուն ու ասել, որ թեժ կռիվ է սկսվել, այնուհետև երեկոյան տեղեկացրել է, որ իրենց տեղափոխել են Հադրութի Մուշի շրջան։

«28-ին զանգ չեկավ, 29-ին էլ չի զանգել, 30-ի առավոտ ժամը 10-ին իրա խաբարն էկավ»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։ 

Որդու զինակից ընկերները Լենային պատմել են, որ Սերյոժան և՛ զորավարժությունների, և՛ պատերազմի ժամանակ շատ լավ նռնականետորդ էր:

«Իրա ընկերներից պատմում են, որ իրա կողքը չորսը արկղ նռնակ էր դրված, ասում են՝ նռնակը նետում էր, հետո զենքով կրակում էր, ֆռում էր, իրենց աչքով էր անում, որ նորմալ ա»։

Մայրը հուզմունքով ասում է՝ որդին անօդաչուի հարվածից է զոհվել․ «Երեք հոգի են եղել, մի էրեխուց բան չի մնացել, իսկ իմ էրեխուն վալնան [ալիքը] ա շպրտել, ներքին օրգանները պայթեցրել էր»։

Փանոսյանները Սերյոժայի զոհվելու մասին նույն օրն են իմացել, մայրն ասում է՝ հարևանը լացակումած ներս է մտել, այնուհետև՝ եղբայրը, և ամեն ինչ պարզ է դարձել։

«Մեր հարևանը լացելով էկավ մեր տուն, իրա ամուսինը մեռած էր, մտածեցի՝ սիրտը լցված ա… իմ մտքով չէր անցնում, չէի ուզում հավատայի։ Հետո մեծ տղայիս ձեռքին զանգ եկավ, ասեցին՝ դպրոցի տնօրենն ուզում ա քեզ տեսնի: Ինքը դուրս եկավ, հետո ախպորս ա տեսել, արդեն ախպերս լացելով-բղավելով մոտեցել ա: Տղես քեռուն ասել ա՝ ի՞նչ կա ախպորիցս, ասել ա՝ էլ չկա։ Ախպերս տղուս հետ էկավ տուն, ասեց՝ էրեխեն վիրավոր ա, լացեց, ասեցի՝ չէ՛, մի՛ խաբեք․․․ Էդ օրը ժամը 5-ի մոտերը էրեխուն տուն բերեցին»,- պատմում է ու հուզվում մայրը։

Սերյոժան հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Սերյոժան սիրում էր կյանքը, շատ աշխույժ էր, ակտիվ, երաժշտասեր, դհոլ էր նվագում՝ ասում է մայրը։

«Մեր մոտ՝ Ապարանում, ավարտել ա դհոլի երաժշտական բաժինը, հետո պարապում էր «Էլֆ» խմբում, դհոլ էր նվագում։ Զբաղվում էր նաև սպորտով՝ թեքվանդոյով, ֆուտբոլով։ Ձկնորսությամբ էր զբաղվում, սիրում էր ամեն ինչը, կյանքով լեցուն տղա էր»,- պատմում է մայրը։

Որդու զոհվելուց հետո Փանոսյանների տունը դատարկվել է, նախկին աշխուժությունն ու ուրախ տրամադրությունը փոխվել են ցավի ու կարոտի։

Մայրն ասում է՝ կյանքը գլխիվայր շրջվել է։

«Մեր կյանքը շատ է փոխվել, առանց Սերյոժայի մեր տունը խավարել է»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am