Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին` 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով` Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է Դաշնային Խորհրդի որոշման մեջ:
Այս որոշմանը կողմ են քվեարկել 129 սենատորներ:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: