«Կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին». Խաչատուր Սուքիասյան

«Կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին». Խաչատուր Սուքիասյան

Այլընտրանքային էներգետիկա եւ էներգախնայողություն. Հայաստանի համար ռազմավարական խնդիր: Այս թեմաներին է անդրադարձել հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Ֆեյսբուքի» էջում կատարած Սուքիասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

 «Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաեւ (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների եւ ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»: Այստեղ կանգ չեմ առնի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված սոցիալական եւ տնտեսական հետեւանքների վրա, սա այլ վերլուծության թեմա է: Միայն կնշեմ, որ կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին:

Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այլ գլոբալ խնդրի վրա, որի մասին, ցավոք, գրեթե չի խոսվում:

Հայաստանը չունի գազի եւ նաֆթի բնական պաշարներ, եւ էներգակիրների թանկացման հետ կապված մեր դժգոհություններից պաշարներ միեւնույն է չեն առաջանա:

Այո, հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից ջանքեր գործադրել եւ ելնելով բնակչության տնտեսության շահերից կարգավորել էներգակիրների գները: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ էներգակիրների գները միջազգային շուկայում անընդհատ բարձրանալու միտում ունեն: Ուրեմն, Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դարձել մշակել եւ իրագործել ռազմավարական ծրագիր այդ ոլորտում: էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը:

Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից: Այսինքն, ճշգրիտ տեղեկություններ հավաքի օգտագործված էներգառեսուրսների ծավալների, էներգիայի արդյունավետության ցուցանիշների մասին եւ այլն: Համոզված եմ, որ այդպիսի աուդիտի արդյունքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն ենք, եթե թույլ ենք տալիս եւ կենցաղում եւ տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել: Ինչը պետք է մեզ հուշի աշխարհի առաջատար փորձը, ինչպես կարող ենք նվազեցնել մեր կախումը ներկրվող էներգակիրներից: Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաեւ ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ: Այդպիսի ծրագրեր գործում են աշխարհի շատ երկրներում, նույնիսկ էներգետիկ պաշարներով հարուստ Ռուսաստանում:

Բոլորս գիտենք, որ զգալի ռեսուրսներ են ծախսվում շենքերի, տների ջեռուցման վրա: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ: Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արեւային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արեւային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար եւ այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված “Passive house”-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանձ ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների: Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ:

Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային եւ վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արեւային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արեւային հատուկ մարտկոցների եւ կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արեւային պանելները: Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Չմոռանանք նաեւ, որ արեւային մարտկոցները չեն աղտոտում շրջակա միջավայրը, շատ ապահով են: Իսկ ամենակարեւորն այն է, որ արեւի էներգիան անվճար է: Շատերը մտածում են, որ արեւային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար` մեկ անգամ գումար եք ծախսում եւ 25 տարի ձրի էներգիա եք ստանում:

Չմոռանաք, որ ժանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը, դա եկամտաբեր է եւ էկոլոգիապես մաքուր: Կարող ենք բերել Դանիայի օրինակը՝ վերջին 20 տարում այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումը այդ նույն ժամանակահատվածում չի աճել:

Կարելի է անվերջ թվարկել արդեն լայն օգտագործում ստացած էներգախնայող համակարգերը եւ այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչները: Ես միայն հետեւյալ հանգամանքն եմ ցանկանում շեշտել: Վերը թվարկած ուղություները պարզ բիզնես ծրագրեր չեն, որպեսզի դրանցով զբաղվեն միայն գործարար շրջանակները: Կառավարությունը պետք է մշակի երկարատեւ ռազմավարական ծրագիր, որով նախատեսված կլինեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կօգտագործվեն տեխնոլոգիաների, ստանդարտների, մեթոդների, օրենսդրության, ֆինանսական օժանդակության համար: Այդ ծրագիրը պետք է անպայման նախատեսի համապատասխան տեղեկատվական եւ բացատրական աաշխատանքներ հասարակության լայն շրջանակներում:

Ճշմարտության համար պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ աշխատանքներ տարվում են այս ոլորտում, ընդունված է նաեւ Էներգախնայողության մասին օրենքը: Բայց դա բավարար չի: Հաճախ որպես արդարացում բերվում է ֆինասական միջոցների բացակայության խնդիրը: Սակայն ճիշտ մտածված պետական գնային եւ տարիֆային քաղաքականությունը այս ոլորտում կարող է ապահովել մասնավոր ներդրումների մեծ հոսք: Ներդրումները կարող են կատարվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ համայնքային սեկտորներում: Տեսեք, օրինակ, ինչ մեծ թափով Հայաստանում իրականացվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ ներդրողները պետության հստակ եւ օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ ստացան: Պետք չի նաեւ մոռանալ, որ Հայաստանում դեռ պահպանվել է ինժեներական առաջատար միտքն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է ներգրավել ծրագրի իրագործման մեջ:

Անհրաժեշտ կլինի նաեւ ակտիվ համագործակցության հրավիրել բանկերին եւ լիզինգային ընկերություններին: Ճիշտ է, բանկերը մեծ փորձ չունեն էներգախնայողության մեջ ներդրումների կատարելու, այստեղի ռիսկերն հաշվարկելու, բայց պետական եւ միջազգային կառույցների օժանդակությամբ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն: Կարեւորն այն է, որ պետք է հստակ գիտակցել. Երկրի եւ քաղաքացիների բարեկեցության աճը կարող է ապահովվել միմիայն էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմամբ եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուրեմն տնտեսության էներգետիկ արդյունավետությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսական ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը»:

Լուսանկարում` Խաչատուր Սուքիասյանը

© Medialab.am