Նախապես կազմակերպված սադրանք. Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Նախապես կազմակերպված սադրանք. Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
Նախապես կազմակերպված սադրանք. Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մարտի 13-ին՝ ժամը 17.00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Սամսոն Խաչատրյանը:
Իրականում ընդդիմադիր հայացքների տեր, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եւրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյաը ոչ թե բերման է ենթարկվել, այլ առեւանգվել է։ Առեւանգումից շատ ավելի ուշ է միայն պարզ դարձել, որ նա գտնվում է ոստիկանությունում:

Նրան մեղադրում են  2011 թ. մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի պահանջներին չենթարկվելու եւ նրան մարմանական վնասվածք պատճառելու մեջ:

Այնինչ նշված ոստիկանը հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, ցուցաբերել է սադրիչին վայել վարքագիծ՝ փորձելով հանրահավաքի մասնակիցների հետ, բազմաթիվ վկաների ներկայությամբ, ընդհարում հրահրել:

Հենց նրա գործողությունների արդյունքում էլ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչին ի թիվս շատերի, մասնակցել է նաեւ Սամսոն Խաչատրյանը: Դեպքն այնքան աննշան է եղել, որ անգամ ոստիկանության՝ այդ օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը նախապես կազմակերպված սադրանքի արդյունք է, ուղղակիորեն կապվում է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ ու պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել:

Միաժամանակ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք վերջ տալ խաղաղ հանրահավաքների ժամանակ տարբնույթ սադրիչների միջոցով, ովքեր որպես կանոն հագուստափոխված ոստիկաններ են, քաշքշուկներ ու տարբեր մանր ու մեծ սադրանքներ կազմակերպելու արատավոր պրակտիկային: