Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է․ Fip.am

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը սեպտեմբերի 16-ին գրառում էր կատարել՝ պնդելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է մինչև հոկտեմբերի վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին նաև ստիպողաբար ուղարկել թեստավորման, որից հետո՝ պատվաստման։

«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր, գաղտնի հանդիպել դպրոցի տնօրենների հետ և նրանց հրամայել են, որ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ինչպես կարող են՝ համոզելով, ստիպողաբար ուղարկեն թեստավորման և դրանից հետո պատվաստման, իսկ որ դպրոցից, եթե անգամ մեկ ուսուցիչ կամ աշակերտ, չի անցնի թեստավորում և չի պատվաստվի, դրա համար պատասխանատվության կենթարկվի դպրոցի տնօրենը և կհեռացվի աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աննա Պետրոսյանը։

Գրառումը մեծ տարածում է ստացել։ Այն տարածվել է ավելի քան 800 անգամ։

ԿԳՄՍ-ից հերքում են

Fip.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հերքեց գրառման մեջ առկա պնդումները։ Նշեց, որ որևէ փոխնախարար չի այցելել մարզեր։ «Նման բան չկա, սուտ լուրեր են, որոնք մարդկանց ապակողմնորոշելու նպատակ ունեն»,- ասաց նա։

Կորոնավիրուսի դեմ լիցենզավորված պատվաստանյութ դեռևս չկա

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն այս տարվա սեպտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԱՀԿ-ն COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն չի տա, քանի դեռ չի ապացուցվի դրա անվտանգությունը։

Իսկ մինչ ԱՀԿ-ն որևէ պատվաստանյութի օգտագործմանը հավանություն կտա, այն ձեռք բերելու համար երկրներն արդեն իսկ բանակցություններ են վարում, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Fip.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ասել էր, որ այս պահին դիտարկում են բոլոր այն շուկաները, որտեղ վակցինան արտադրում են կամ դեռևս գտնվում է փորձարկումների փուլում, սակայն Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել։

Բացի այդ, սեպտեմբերի 11-ին armeniasputnik.am-ի հետ զրույցում թեմային էր անդրադարձել նաև Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, որը նշել էր, որ այս պահին դեռ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պայմանագիր չի կնքել պատվաստանյութեր գնելու համար։

Բացի այդ, Հայաստանում աշակերտների զանգվածային թեստավորում չի նախատեսվում։ Իսկ ուսուցիչների թեստավորումը սկսվել է դեռ օգոստոսից։ 

Ի դեպ նշենք, որ Աննա Պետրոսյանը, որը նախկինում հանդես էր գալիս Աննա Սանոյան անվամբ, oրեր առաջ ևս մեկ ապատեղեկատվություն էր տարածել։ Նա «Սեռական առողջության այբբենարան» կոչվող գրքից նկարներ էր հրապարակել՝ գրելով, որ այն «տարրական» դպրոցական դասագիրք է։ Բարձրացված աղմուկից հետո կեղծ լուրը  հերքվել էր. պարզվել է, որ դա 1999 թ. լույս տեսած գիրք էր։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց է ներկայացնելու։ 

Նելլի Լազարյան

Fip.am