Որոշ դեպքերում երեխային մանկապարտեզ տանելու համար կպահանջվի կորոնավիրուսի թեստի արդյունքը․ Պարետի որոշմամբ սահմանվել են նոր կանոններ

ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի կանոնների համեմատությամբ կատարվել են որոշ փոփոխություններ և լրացումներ.

Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):

Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:

Ըստ Պարետի որոշման, առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք,
եթե՝

ա. ծնողների շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),

բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են ինքնամեկւսացման մեջ: Տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը

Հանվել են «Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն», «Բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև» պահանջները:

Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%:

Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես:

Պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով: