Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի հարցով՝ կեղծ ամրագրումների և խարդախությունների կասկածանքով

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 21-ին պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ պարզելու, թե արդյոք հյուրանոցների և կացարանների ամրագրման հայտնի հարթակը բավարար միջոցներ է ձեռնարկում օգտատերերին խարդախություններից պաշտպանելու համար։

Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովը, կասկածներ կան, որ Booking.com-ը պատշաճ կերպով չի գնահատել և կանխել իր հարթակում կեղծ հայտարարությունների ու առցանց խարդախությունների հետ կապված ռիսկերը՝ հնարավոր է խախտելով Եվրամիության թվային ծառայությունների մասին օրենքը։

Մասնավորապես, խոսքը կացարանների կեղծ հայտարարությունների և խարդախությունների մասին է, որոնց ընթացքում հանցագործներն օգտագործում են ամրագրումների ու հյուրերի տվյալները՝ մարդկանց մոլորեցնելու և նրանցից գումար կամ անձնական տեղեկություններ կորզելու համար։

Եվրահանձնաժողովը նաև կստուգի՝ արդյոք Booking.com-ը մոլորության մեջ չի գցել օգտատերերին՝ վճարովի գովազդները ներկայացնելով որպես որոնման սովորական արդյունքներ։ Խոսքն այն կացարանների մասին է, որոնց սեփականատերերը վճարում են, որպեսզի իրենց առաջարկները որոնման արդյունքներում ավելի բարձր դիրքերում հայտնվեն՝ առանց հստակ նշելու, որ դրանք գովազդ են։

Եվրահանձնաժողովը պարզելու է՝ արդյոք ընկերությունը խախտել է օգտատերերի անվտանգության և գովազդի թափանցիկության վերաբերյալ եվրոպական օրենսդրության պահանջները։