Սևանում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթի ժամանակ ասաց, որ ՀՀ-ն ունի հզոր դաշնակիցներ, որոնցից մեկն ամենակարևորն է՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Մեր դաշնակիցներն են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Մեր շարժումը ունի հետևյալ առաջարկությունը՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, ինչից ժամանակ մենք կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, որոշ բաներ կվերականգնվեն: Ինչ-որ ժամանակ անց ընտրություններ կլինեն, և ժողովուրդը կորոշի, թե ում կընտրի նախագահ»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողներից մեկի հարցին, արդյոք Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դաշինք կկազմի՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հստակ պատասխան չտվեց:

«ՀՅԴ-ն դեռ որոշում չունի, հենց լինի, անպայման կհայտնենք»,- նշեց Սաղաթելյանը:

Հանրահավաքին ներկա էր նաև շարժման անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մենք բավականին լուրջ խոսել ենք ստեղծված այն իրավիճակի մասին, որն այսօր Արցախում և Հայաստանում է: Այս իրադրությունը մտահոգիչ է ոչ միայն Երևանում, ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում: Մեր ժողովուրդը տարածքային համաչափ զարգացման գաղափարի ներքո հնարավորություն ունի իր տեսակետն արտահայտելու և իր երկրի զարգացումն ապահովելու համար»,- նշեց Օհանյանը:

Վերջինս խնդրեց ներկաներին ողջունել սահմանին կանգնած յուրաքանչյուր սպայի, զինվորի, հրամանատարի ու գեներալի:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Շարժման անդամներն արդեն տևական ժամանակ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այժմ նրանք սկսել են մարզային այցելությունները: