Դեսպան Վլադիմիր Կարապետյանը այցելել է Ուկրաինայի Տերնոպիլի մարզ

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Տերնոպիլի մարզ կատարած այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել Տերնոպիլի մարզպետ Վլադիմիր Տրուշի, քաղաքապետ Սերգեյ Նադալի և Արևմտաուկրաինական ազգային համալսարանի ռեկտոր Անդրեյ Կրիսովատիի հետ: Այդ մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպումներին ներկա են եղել նաև դեսպանության երրորդ քարտուղար Հ. Թորոսյանն ու Տերնոպիլում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:

Տեղային իշխանությունները շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ Ուկրաինայի համար բարդ ժամանակահատվածում, իրենց քաղաք և մարզ այցելելու համար:

Դեսպանը ներկայացրել է Ուկրաինայի հայ համայքնի, մասնավորապես Ուկրաինայի հայրեի միության (ՈՒՀՄ) կողմից պատերազմի օրերին տրամադրվող տարաբնույթ օժանդակության մասին, նշելով, որ այդ կարևոր գործը նկատվել և գնահատվել է նաև ուկրաինական իշխանությունների կողմից, մասնավորապես՝ ապրիլի 22-ին ՈՒՀՄ-ին շնորհակալական նամակ է ուղղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

Զրուցակիցները պայմանավորվել են պատերազմի ավարտից հետո կրկին հանդիպել՝ քննարկելու Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Արևմտաուկրաինական ազգային համալսարանի ռեկտորի հետ խոսվել է համալսարանի երևանյան մասնաճյուղի գործունեության մասին, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպելու դեսպան Կարապետյանի դասախոսությունը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար: