«Նահանջի հրամանն ա եղել, իրանք չեն նահաջել, ավտոմատով մինչև վերջին փամփուշտը կռվել են»․ կինն ամուսնու զոհվելուց հետո՝ կյանքս խավարեց

«Մեկ ակնկարթում լրիվությամբ խավարվեց կյանքս»,- արցունքները սրբելով ասում է 50-ամյա Ռաիսա Մադաթյանը, որը 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիում ոչ միայն կորցրել է տունը, տասնամյակների աշխատանքի արդյունքում ստեղծածը, այլև ամենից ցավոտը՝ ամուսնուն՝ 55-ամյա Արմենակ Մադաթյանին։

Մադաթյաններն ասում են, որ չէին կարող մտածել, որ իրենց երջանիկ կյանքը միանգամից գլխիվայր կշրջվի։ Հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն ահագնանում էր, և Շուշիում գտնվելն այլևս վտանգավոր է դառնում, Արմենակ Մադաթյանը հորդորում է կնոջն ու աղջկան գնալ Հայաստան։ 

Ռաիսա Մադաթյանն ու 25-ամյա Լուիզա Մադաթյանը, որ պատերազմը սկսելուն պես օրերն անցկացնում էին նկուղում, Երևան են տեղափոխվում, իսկ Արմենակ Մադաթյանը մնում է Շուշիում, աշխարհազորայինների ջոկատ կազմում և մասնակցում Շուշիի պաշտպանությանը։ Առաջնագծում էր նաև Արմենակ Մադաթյանի որդին՝ 22-ամյա Կարեն Մադաթյանը։ 

«Հայրս կամավոր միացել էր աշխարհազորայինների ջոկատին, մեզ չէր ասել, մենք չգիտեինք, իրա տարիքը չէր համապատասխանում, որ ինքը գնար, եղբորս միջոցով ենք տեղեկացել։ Եղբայրս էլ տարբեր վայրերում էր լինում՝ Ասկերանում, Մատաղիսում»,- պատմում է Լուիզան։

Լուիզան հիշում է, որ հայրը ամենադժվար իրավիճակներում էլ միշտ ելք էր գտնում, բոլորին հույս ու ուժ տալիս, սակայն նոյեմբերի 2-ի զանգը ստիպում է ընտանիքի բոլոր անդամներին անհանգստանալ․

«Նոյեմբերի 1-ին ու 2-ին ոնց որ հույսը շատ կտրած լիներ, ոնց որ մարդ իմանա՝ իրա կյանքի վերջին օրերն ա։ Մամայի հետ էր խոսել, ասել ա՝ կարող ա չլինեմ, երեխաներիս լավ կնայես։ Ինձ հետ էլ շատ ընկճված խոսեց, կյանքում իրան տենց ընկճված ու տխուր չէինք տեսել»,- հուզմունքով պատմում է Լուիզան ու ասում, որ վերջին զանգը նոյեմբերի 3-ին է լինում, հաջորդ օրն արդեն հոր հեռախոսահամարը անհասանելի էր:

«Առավոտյան թեյ էինք խմում, մեր հարևան մի աղջիկ զանգեց, ասեց՝ լսել եմ պապադ վիրավորել ա: Ճիշտն ասած, էդ ժամանակ ուրախացա, որ ասեց՝ վիրավորվել ա,- արցունքները սրբում է Լուիզան ու շարունակում պատմել ծանր օրվա դառն ապրումները,- սկսեցինք հիվանդանոցներ զանգել, ասեցին՝ էդ անունով մարդ չկա։ 

Հետո մաման զանգեց Շուշիի քաղաքապետին, բայց ինքը բան չէր խոսում, ասեց՝ միայն ձեր ամուսինը չի, իմ եղբայրն էլ ա ձեր ամուսնու հետ։ Մաման ասեց՝ բայց ի՞նչ ա եղել, ի՞նչ ա պատահել, վիրավորվե՞լ ա… բան չասեց: Ասեցի՝ մամա՛, կարո՞ղ ա բան ա պատահել, քաղաքապետն ասեց՝ պատերազմ ա, ամեն ինչ էլ կարող ա պատահի»։

Լուիզան հիշում է, որ այդ օրը շատ զանգեր էին ստանում հարազատներից ու բարեկամներից: Ասում է՝ բոլորն արդեն գիտեին դեպքի մասին, բայց իրենց չէին ասում։ Ավելի ուշ արդեն տեղեկանում են, որ հայրը զոհվել է՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը։

«Նահանջի հրամանն ա եղել, մեզ տենց են ասել, իրանք չեն նահաջել, ավտոմատով մինչև վերջին փամփուշտը կռվել են, իրանց սնայպերն ա խփել»,- ասում է Լուիզան։

Լուիզա Մադաթյանը

Լուիզան պատմում է, որ նոյեմբերի 9-ին արդեն հույսները կտրել էին, որ հոր մարմինն առհասարակ կկարողանան գտնել, քանի որ հաշտության պայմանագիր էր կնքվել, տեղեկացել էին, որ Շուշին արդեն հակառակորդի վերահսկողության ներքո է. «Բայց նոյեմբերի 14-ին որոնողական աշխատանքների ժամանակ հանեցին, Շուշիի քաղաքապետի եղբայրն էր ու պապան… Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ հուղարկավորությունը Եռաբլուրում»։

Արմենակ Մադաթյանը ժամկետային զինվորական ծառայությունը անցկացրել է Ղազախստանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտին։ Մասնակցել է Շուշիի, Լաչինի, Շռլանի, Ասկերանի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 

1992-ին ծառայությունը շարունակել է Ասկերանում, այնուհետև ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում, 2004 թ․-ից աշխատել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունում, ավագ ենթասպա էր։ 

Ծառայության տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների։ Վերջին տարիներին արդեն թոշակի էր անցել և մեկնում էր արտագնա աշխատանքի:

Բնավորությամբ շատ հանգիստ, համեստ, ազգին նվիրված, բարեկամասեր․ այսպես են նկարագրում հարազատները Արմենակ Մադաթյանին։

«Նենց բնավորության մարդ էր, որ մի անգամ էլ քեֆիս չի դիպչել, մեր կյանքը երջանիկ էր, միանգամից կյանքս մթնեց։ Հիմա ապրում եմ, բայց վա՛յ էն ապրելուն։ Միակ լավն էն ա, որ երեխաներիս լավ ա դաստիարակել, խելոք երեխաներ են»,- հուզվունքով ասում է կինը՝ Ռաիսան։

Ռաիսա Մադաթյանը

Լուիզան սեպտեմբերի 1-ի առավոտյան հիշել է, թե ինչպես էր հայրը սեպտեմբերի 1-ին իրեն դպրոցի առաջին դասարան ուղեկցել: Քանի որ այդ տարիներին՝ 90-ականների պատերազմից հետո, Շուշիում ծաղիկներ չէին վաճառում, հայրը գնացել էր հորաքրոջ տուն և բակից ծաղիկներ հավաքել, որ դուստրը ուսուցչուհուն նվիրի։ «Մեզ էլ չէր ասել, որ գնացել ա ծաղիկներ բերի»,- հուզվում է դուստրը։

Լուսանկարում՝ Արմենակ Մադաթյանը դստեր՝ Լուիզա Մադաթյանի հետ։

Մադաթյաններն այժմ ապագան չեն պատկերացնում՝ ինչպիսին կլինի, բայց ամենից շատ ցանկանում են, որ անվտանգության հարցը կարգավորվի, որ կարողանան նորից Արցախում հաստատվել։

«Մենք հաճախ ենք Ղարաբաղ գնում աշխատանքի հետ կապված, ցավալի ա՝ Շուշիի մոտով անցնում ես, քո տուն գնալու ճանապարհը 2 րոպե ա, բայց դրա իրավունքը չունես, որ Շուշի մտնես։ Ամենաառաջնային խնդիրը անվտանգությունն ա, մենք չենք ուզի Ղարաբաղից ուրիշ տեղ գնալ»,- ասում է 25-ամյա Լուիզան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am