Քանի՞ մասի կբաժանվի Ուկրաինան

Քանի՞ մասի կբաժանվի Ուկրաինան
Քանի՞ մասի կբաժանվի Ուկրաինան

Կիրակնօրյա նոթեր Կիևում ուկրաինական հեղափոխությունը հաղթեց, բայց արդիական է մնում հարցը, թե ինչ գին է վճարելու երկիրը Յանուկովիչից ազատվելու և եվրոպական ընտրության համար։ Ռուսական հեռուստակայաններն անընդհատ խոսեցնում են ղրիմցի ռուսներին, ցույց են տալիս Արևելյան Ուկրաինայի ղեկավարների կազմակերպած հավաքները, որոնք ուղղված են երկրի մասնատմանը։ Շարունակում են ամբոխ անվանել Մայդանում հավաքված տասնյակ հազարավոր խիզախ քաղաքացիներին, թեև «Ռոսիա […]

Կիրակնօրյա նոթեր

Կիևում ուկրաինական հեղափոխությունը հաղթեց, բայց արդիական է մնում հարցը, թե ինչ գին է վճարելու երկիրը Յանուկովիչից ազատվելու և եվրոպական ընտրության համար։

Ռուսական հեռուստակայաններն անընդհատ խոսեցնում են ղրիմցի ռուսներին, ցույց են տալիս Արևելյան Ուկրաինայի ղեկավարների կազմակերպած հավաքները, որոնք ուղղված են երկրի մասնատմանը։ Շարունակում են ամբոխ անվանել Մայդանում հավաքված տասնյակ հազարավոր խիզախ քաղաքացիներին, թեև «Ռոսիա 24» ալիքն արդեն ողորմելի, վախկոտ կաշառակեր կոչեց Յանուկովիչին։

Պուտինը նորից փորձեց Եվրոպային «ուկրաինական կազինոյի» մեջ ներքաշել, որտեղ նախ 3 միլիարդ դոլարի պարտատոմս էր առել, բայց չկարողացավ ևս 2 միլիարդի խաղադրույք կատարել՝ պարտատոմսեր չէին տրամադրվել վաճառքի։ Հիմա նա վերադառնում է կգբ-ական ավանդական մեթոդներին. օգտագործում է գործակալական ցանցի մնացորդները։

Արևմտյան անդրազգային ալիքները՝ «Եվրոնյուսը», «CNN»-ը, «Ֆրանս 24-ը», «BBC»-ն, «Դոյչե վելեն», ցույց են տալիս բաժանարար գույներով ներկված ուկրաինական քարտեզներ։

Արևմուտքն ապշած է, թե ինչ արագությամբ զարգացան իրադարձություններն Ուկրաինայում։ Նրանց միջնորդական ջանքերի տրամաբանությունն ապացուցեց, վատ են հասկանում հետսովետական երկրների իրավիճակը։ Յանուկովիչի փախուստից ՄԵԿ ՕՐ առաջ նրանք Կրեմլի գործակալին ժամկետ շնորհեցին մինչև տարեվերջ, որպեսզի դեկտեմբերին «արտահերթ» նախագահական ընտրություններ անցկացնի։ Հերթականից ընդամենը մի քանի ամիս ավելի վաղ։ Համաձայնությանը չդիմադրեցին ընդդիմության անճարակ առաջնորդները։ Համարյա մեկ տարի ժամանակ ունենալով՝ Յանուկովիչը, քաոսի մեջ կընկղմեր երկիրը, իսկ Պուտինը կվերականգներ իր վնասված շոշափուկները։

Իմ բարեկամ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը, ով երկար տարիներ է, ինչ Ուկրաինայում է ապրում, մեկնաբանում է իրավիճակը Մայդանից. «Եվրոպացիները երկար ժամանակ չէին հասկանում երկու բան՝ Յանուկովիչն ավազակ է, չի կարող փոխվել, և ժողովուրդը կարող է դառնալ ռադիկալ, բայց կարգուկանոն պահպանի»։

Չնայած էս բոլորին, ես կարծում եմ, որ Եվրոպան օգնել է Ուկրաինային։ Օգնել է մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը, երբ առաջարկել է փոխներգրավում, ինտեգրում առաջ։ (Ինչպես որ մինչև 2013 թ. սեպտեմբերի 3-ը Հայաստանին է առաջարկել, առաջին անգամ լրջորեն խախտելով անփառունակ հավասարությունը, որ միշտ պարտադրվել է մեզ ու Ադրբեջանին)։ Մնացածն արեցին Ուկրաինացիները՝ մեծատառով, ովքեր տեսան իրենց համախոհների մահը, վիրավորվեցին, բայց չնահանջեցին սնայպերների առաջ։ Ցավալի էին մարդկային զոհերը, բայց դիմադրության ամիսներն անտեղի չեն անցել. Մայդանի հերոսները հետագայում կկարողանան փոխարինել Յանուկովիչի թափթփուկներին։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քարտեզի բաժանարար գույներին, կարծում եմ, որ դրանք հեռուստաէկրաններին էլ կմնան։ Որովհետև մի կողմում Ուկրաինայի քաղաքացիներ են, ովքեր քաղաքակրթական ընտրություն են կատարել և, առնվազն՝ քանի դեռ չի վերսկսվել առօրյան, ավելի եվրոպացի են, քան եվրոպացիները, մյուս կողմում՝ դրածոներ, գործակալներ և ռուսական միակողմանի քարոզչությանը դատապարտված ռուսալեզուներ։ Միայն թե ցանկացած քարոզչություն ձախողվում է, եթե չափից ավելի է հակասում իրականությանը։ Նույն Ղրիմում Յանուկովիչն իր դոնեցկյան կլանի մանկլավիկներով փոխարինեց տեղական ռուս գործիչներին, և դա չի կարող կոծկել ոչ մի քարոզչություն։ Կարդալ ավելին