Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»,– ասել է նա:
«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,– ասել է նա՝ հավելելով, թե ընդդիմության պնդումները նախապայմանների մասին մտացածին են, և իրենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ամբողջովին տեսնում են երկկողմ:
Հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա, և որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել: