Խայտառակ պատկեր է, թե ինչպես է Փաշինյանը վարվում տարբերվող կարծիք ունեցող քաղաքացու հետ, չի հանդուրժում մարդկանց. Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, համացանցում դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ է տարածվել, որում Արցախի բարբառով այդ մարդիկ սպառնում են Նիկոլ Փաշինյանին: Իշխանության ներկայացուցիչներն արդեն մեկնաբանել են սա, դարձյալ խոսել երկրորդ հոկտեմբերի 27-ի մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Հիշո՞ւմ եք, որ Բագրատ Սրբազանի գործից առաջ էլ ձայնագրություններ տարածվեցին, սկսվեց աղմուկ-աղաղակ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ, այս տեսանյութը ու իշխանության կողմից դրան հետևած մեկնաբանությունները ինձ դա հիշեցրեցին: Հետո պարզվեց, որ այն փուչ գործ էր: Ես կեղծ նոտաներ եմ նկատում այս ամենում: 

Մի ուշագրավ դեպք է կարծես բոլորի աչքից սպրդել, ու ես մինչև այս պահը չտեսա անդրադարձ այդ դեպքի մասով, չլսեցի դատապարտող ու ցավակցող ոչ մի հայտարարություն: Հոգեբուժարանում, իրենց ասելով՝ ինքնասպանություն գործած տղայի մասին է խոսքս, հոգեբուժարանը գտնվում է պետության հսկողության տակ, ու պետությունն է պատասխանատու այնտեղ գտնվող մարդկանց համար: Այն սուղ ինֆորմացիան, որը տվել են մեզ, ոչինչ չի պատմում: Նման դեպք է տեղի ունեցել, ընդ որում, ինչպես փաստաբանները հայտարարեցին, ապօրինի է եղել այն քրգործը, որ հարուցվել էր այդ մարդու նկատմամբ, ոչ մի արձագանք չի եղել, ու մեկ էլ տեսնում ենք նոր տեսանյութի տարածում, որին միանգամից հետևում են մեկնաբանությունները: 

Նախ շատ մտահոգիչ եմ համարում, որ թիրախավորել են արցախցիներին այդ տեսանյութում, իսկ վարչապետի անդրադարձը դրան՝ մեկ դերասանի թատրոն: Առաջիկայում կտեսնենք, թե այդ տեսանյութը իրականում ինչ է իրենից ներկայացնում, ինչպես տեսանք Բագրատ Սրբազանի գործի մասով, ես այն ժամանակ էլ ի սկզբանե ասել էի, որ չեմ հավատում այդ ամեն ինչին: 

– Նիկոլ Փաշինյանի խոսույթը ընդդիմադիր ուժերի ղեկավարների, քաղաքացիների հետ շփվելիս ինչպե՞ս եք գնահատում:

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է ատելության խոսք տարածել, երբ ինքը սրտիկ է ցույց տալիս, կարծում եմ՝ չգիտի դրա նշանակությունը, որովհետև սրտիկը սիրո հետ կապ ունի, այլ ոչ թե ատելության խոսքի, սպառնալիքների հետ: Ես էլ չեմ խոսում նրա պատասխանի մասին, որը տալիս էր այդ տեսանյութի դիմակավորված անձանց, որոնք չգիտեմ թե որտեղից հայտնվեցին: 

– Ինչո՞վ եք պայմանավորում այդ խոսույթը, որովհետև ընդամենը ամիսներ առաջ ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք ընդունեց, որը պետք է բացառեր նման վարքն ու խոսույթը իրենց թիմակիցների կողմից:

– Հատկապես Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին անընդհատ բողոքներ են ներկայացնում, իսկ նա չի կարողանում հանդուրժել այդ բողոքներն ու մարդկանց: Կոնկրետ այսօրվա դեպքը ես տեսել եմ. այդ կինը շատ հանգիստ տոնով, բացեիբաց ներկայացնում էր իր կարծիքը, իսկ թե ինչու Փաշինյանն ընկավ նման հիստերիկ վիճակի մեջ, չեմ հասկանում: Խայտառակ պատկեր է, թե ինչպես են վարվում սովորական քաղաքացու հետ, որը ընդամենը տարբերվող կարծիք ունի: Ի՞նչ էթիկայի կանոններ, ի՞նչ օրենքներ, Նիկոլ Փաշինյանը իրեն խանի պես է պահում, ինչ ուզում այն էլ անում է, ում ինչ ուզի կասի, հաշվի չի առնում՝ դիմացինը կին է, թե տղամարդ: Սա վարչապետին վայել պահվածք չէ:

– Նիկոլ Փաշինյանը հակադարձում է այս քննադատությանը՝ ասելով, որ եթե այդ կինը չի գիտակցում, որ վարչապետի հետ է խոսում, պետք է ստանա համարժեք պատասխան, Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ այդ արձագանքը նորմալ է, ու մի բան էլ դեռ զարմանում է վարչապետի համբերության վրա:

– Ի՞նչ պետք է անեին, սպանեի՞ն, դե մեկը ինքնասպան է եղել՝ իրենց ասելով: Իսկ ինչ էր ասում այդ կինը, շատ նորմալ ու հանգիստ խոսում էր, ոչ մի վիրավորական բառ չի ասել, ինչպե՞ս թե համբերության վրա զարմանում եմ, բա մենք ինչպե՞ս ենք ձեզ համբերում, Ալեն Սիմոնյան: Այդ մարդիկ միայնակ են, իսկ դուք ամբոխով դեմ եք նրանց: 

Նույնը եղավ օրեր առաջ մի կնոջ հետ, որը կորցրել էր որդուն Ազատի զորամասում, իսկ այդ ամբոխում մեկը չգտնվեց, որ հասկանար այդ կնոջ ապրումները, իսկ Փաշինյանը գոռում էր նրա վրա: Ո՞նց հարգենք նման վարչապետին: Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ վարչապետի պաշտոնը ենթադրում է անել այն, ինչ ուզում է, այդ հայհոյանքները, սպառնալիքները, խուլիգանական արտահայտությունները, որ հնչում են իր կողմից, տեղավորվո՞ւմ են քարոզարշավի բովանդակության մեջ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am