ԱՄՆ-ում սպանվել է հայտնի քաղաքական ակտիվիստ և Դոնալդ Թրամփի աջակից Չարլի Քըրքը։ BBC-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Յուտայի նահանգի «Utah Valley» համալսարանի տարածքում՝ Քըրքի ելույթի ժամանակ։ Նրան կրակել են մոտ 100–200 մետր հեռավորությունից, և նա ծանր վնասվածք է ստացել պարանոցի հատվածում։ Ակտիվիստը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հաստատել է, որ Քըրքը մահացել է։
Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ երկրի ողջ տարածքում պետական դրոշները կիջեցվեն չորս օրով՝ ի հիշատակ 31-ամյա ակտիվիստի․ «Մեծն և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը այլևս մեզ հետ չէ։ Ոչ ոք այնպես չէր հասկանում ու չէր աջակցում Ամերիկայի երիտասարդությանը, ինչպես նա։ Մելանիան և ես մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա կնոջը՝ Էրիկային, և ընտանիքին»։
Քըրքը եղել է պահպանողական արժեքների ջատագով, պոդքաստերի հեղինակ և «Turning Point USA» ուսանողական միավորման հիմնադիր։ Սկզբում հայտարարվել էր, որ ենթադրյալ հարձակվողը ձերբակալվել է, սակայն հետագայում պարզվել է, որ նա դեռ ազատության մեջ է։



















