ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնում է երկրում առկա խնդիրները և դրանցից ելքերը

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում չի հանդուրժի ագրեսիա, չի կազմակերպի շոուներ և չի քարոզի անհանդուրժողականություն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նախընտրական քարոզարշավն ամեն օր ընթանում է աշխատանքային ռեժիմով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորության թեկնածուները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ ՀՀ բոլոր մարզերում: Դրա հետ մեկտեղ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մարզկենտրոններում շատ ակտիվ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,- նշեց Աբովյանը:

Նա ընդգծեց, որ նախընտրական քարոզարշավի իրենց ընտրած ձևաչափը բավականին արդյունավետ է:

«Կա մի առանձնահատկություն՝ մարդկանց հետ պետք է խոսել, շփվել ու նրանց պետք է շատ հստակ և պարզ ձևով ներկայացնել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք այսօր ծառացած են մեր առաջ: Բոլոր քաղաքական ուժերը մատնանշում են այն ինչը վատ է, սակայն ոչ բոլորն են նշում ելքերը: Մենք շոուներ չենք կազմակերպելու կամ ագրեսիա ու անհանդուրժողականություն չեն քարոզելու: Մենք այդ ամենը չենք ընդունել, չենք ընդունում և չենք ընդունելու»,- ասաց Արման Աբովյանը: