Ալեն Սիմոնյանը՝ դատական գործընթացների մեջ. ԱԺ նախագահը քաղաքացիների ու լրագրողների դեմ միլիոնների պահանջով հայցեր է ներկայացրել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն երկու տարի է՝ դատական ակտիվ գործընթացների մեջ է. նա վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 9 դատական հայց է ներկայացրել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և զրպարտության համար:

Այսօր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան 8 դատական հայց ունի դատարանում, որոնք կամ քննության ընթացքում են, կամ դրանց քննությունը նոր պետք է սկսվի: Մեկ հայցով արդեն կա վճիռ: Ալեն Սիմոնյանը հայցերը ներկայացրել է լրատվամիջոցների, լրագրողների, քաղաքացիների և մեկ հայց էլ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկի դեմ:

Գրեթե բոլոր հայցերով ԱԺ նախագահը իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և իրեն զրպարտելու համար յուրաքանչյուր պատասխանողից պահանջել է 1-2 մլն-ական դրամ՝ որպես վնասի փոխհատուցում: 

Դատաքննությունն ավարտված գործերից է «Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք» լրատվամիջոցի», երբ վերջինը, ըստ դատարանի վճռի, 2020-ի հուլիսին զրպարտչական նյութ է հրապարակել Սիմոնյանի մասին: 

Վեճի առարկան, մասնավորապես, «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերնագրով հրապարակումն էր, որում թերթը գրել էր, որ «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:

Այս գործով դատաքննությունը 2021-ի սեպտեմբերին ավարտվել է առաջին ատյանի դատարանում, և կողմերից որևէ մեկը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցը, բայց՝ մասնակի. «Իրավունք» լրատվամիջոցը ԱԺ նախագահին պետք է փոխհատուցի ոչ թե նրա պահանջած 2 մլն 800 հազար դրամ (զրպարտության և փաստաբանական ծախսերի համար) գումարը, այլ՝ 200 հազար դրամ: 

Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հրապարակել հերքման տեքստ, քանի որ Սիմոնյանին վերաբերող տեղեկությունները եղել են զրպարտություն: Լրատվամիջոցը, սակայն, չի կատարել դատարանի վճիռը:

Պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, ինչպես նաև զրպարտության գործերի մեծ մասով Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդիկ Ոսկանյանը «Մեդիալաբին» ասում է. «Սիմոնյանն ընդդեմ «Իրավունքի»» գործով վճիռն ուղարկվել է Դատական ակտերի հարկադիր ծառայություն կատարման: Այսինքն՝ լրատվամիջոցը ԴԱՀԿ-ի միջոցով պետք է կատարի դատարանի որոշումը:

Այս գործով որոշման տեքստում դատարանը ուշագրավ դիտարկում է կատարել. 

«Խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքը պետք է լինի համաչափ օրինական նպատակներին՝ այլ մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հեղինակության պաշտպանությանը, իսկ լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից այս կամ այն տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պետք է գործադրվեն լավագույն ջանքերը՝ պարզելու՝ արդյոք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Չափազանց կարևոր է տեղեկատվական նյութը հրապարակելիս առաջնորդվել ժողովրդավարական, բազմակարծիք հասարակության մեջ հանդուրժողականության և բոլոր մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի հավասարության սկզբունքով»:

Նաև նշվում է. «Յուրաքանչյուր դեպքում, երբ քննադատության թիրախ են համարվում քաղաքական գործիչները, զանգվածային լրավամիջոցները պետք է ունենան այն գիտակցումը, որ թույլատրելիության սահմանների գերազանցման պարագայում նրանք բախվելու են սանկցիայի կիրառման հարցին, և տեղեկատվության լուսաբանման ու հրապարակման հարցում զանգվածային լրատվության միջոցները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ կանխելու այդ տեղեկատվության միջոցով հասարակության շրջանում ատելության մթնոլորտի ձևավորումը կամ սերմանումը»:

«Եթե հայցվոր կողմը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, ուրեմն, կարծում եմ, դատարանի վճիռը բավարարել է այդ կողմին»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Ոսկանյանը:

Այդուհանդերձ, ինչո՞ւ է ԱԺ նախագահը այս գործերով որպես վնասի փոխատուցում առավելագույն նյութական փոխհատուցում պահանջում: 

«Պարոն Սիմոնյանը հետևում է օրենքին, քանի որ նախկինում Քաղաքացիական օրենսգրքով վիրավորանքի համար պահանջվում էր 1 մլն, իսկ զրպարտության համար՝ 2 մլն: Դատարանները արդյունքում միջինացված գումար են նշանակում: Հիմնականում դատարանները գտնում են, որ անձի պատիվն ու արժանապատվությունը պետք է վերականգնվի ոչ նյութական վնասի տեսքով՝ ներողություն խնդրելու կամ հերքելու»,- ասում է Էդիկ Ոսկանյանը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ տնօրեն Շուշան Դոյդոյանը ընդգծում է՝ այդ հայցերը չպետք է լինեն պատժելու միջոց, մինչդեռ ԱԺ նախագահի քայլերը ուղղված են լրատվամիջոցին կամ լրագրողին պատժելուն:

«Ֆինանսական փոխհատուցման պահանջը վերածվում է լրատվամիջոցին պատժելու մահակի։ Սա վտանգավոր է և անառողջ: Անհանգստացնող է առավելագույն չափերի պահանջը։ Ստացվում է, որ պաշտոնյան ավելի շատ ցանկանում է ֆինանսական խնդիրներ առաջացնել լրատվամիջոցի համար և պատժել, մինչդեռ այս հոդվածը պատժելու նպատակ չունի»,- «Մեդիալաբին» ասում է Դոյդոյանը:

Սիմոնյանի փաստաբանը, հակառակը, կարծում է՝ անձին վիրավորանք հասցնող լրատվամիջոցի, լրագրողի կամ մեկ այլ անձի ներկայացվող խոշոր չափի գումարային պահանջը կարող է սթափեցնող միջոց լինել այլևս չվիրավորելու համար: 

«Մարդիկ մի քիչ էլ պետք է գումարային խնդիր ունենան, որ վաղը-մյուս օրը մի բան ասելիս կամ գրելիս հիմք ունենան, նոր գրեն»,- ասում է փաստաբան Էդիկ Ոսկանյանը: 

Ընդհանուր առմամբ, ԻԱԿ նախագահի կարծիքով՝ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու՝ վերջին ժամանակահատվածում համատարած երևույթը խիստ բացասական է, քանի որ պաշտոնյաները պետք է ավելի հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչած քննադատության հանդեպ։

Ի դեպ, «Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունքի»» գործով դատարանը ևս իր որոշման մեջ ընդգծել է. «Դատարանը հարկ է համարում նշել, որ քաղաքական գործիչների հանդեպ թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր քաղաքացու նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի կողմից»:

Ըստ Դոյդոյանի՝ պաշտոնյաները իրենց պատվի և արժանապատվության պաշտպանությունը ոչ թե պետք է անմիջապես դատարանին վստահեն, այլ նաև՝ արտադատական մարմիններին: «Բայց դա այն դեպքում, եթե պաշտոնյային իհարկե անհանգստացնում է ոչ թե լրատվամիջոցի վրա ֆինանսական բեռ դնելու հարցը, այլ լրատվամիջոցներում առկա խնդիրները վեր հանելը»,- նշում է Դոյդոյանը:

Հայաստանում լրատվամիջոցների հետ կապված արտադատական մարմիններ կարող են լինել Էթիկայի դիտորդ մարմինը, Տեղեկատվական վեճերի խորհուրդը:

Նկատենք՝ հենց Ալեն Սիմոնյանն էր, որ նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների գրեթե ավարտին փոփոխություններ ներկայացրեց Քաղաքացիական օրենսգրքում՝ ավելացնելով վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման գումարի չափը: Ըստ Սիմոնյանի առաջարկած փոփոխությունների՝ այսուհետև անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսվում է 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամ:

ԱԺ նախագահը հենց այս փոփոխված դրույթով է հայցը ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ: Պատգամավորից զրպարտության համար պահանջվող գումարի չափ Սիմոնյանի փաստաբան Դավիթ Հունանյանը «Մեդիալաբի» գրավոր հարցմանն ի պատասխան հրաժարվել է ասել՝ բավարարվելով միայն նշել. 

«Հայցադիմումով ներկայացվել է երկու պահանջ՝ պարտավորեցնել Արեգնազ Մանուկյանին հրապարակայնորեն հերքել 07.12.2021 թ. իր ելույթի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև վճարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցում՝ կատարված զրպարտության համար»: Իսկ Սիմոնյանի կողմից կատարված օրենսդրական փոփոխությունից հետո անձի զրպարտության համար պահանջը 6 մլն դրամ է դարձել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիթորինգի տվյալներով՝ 2019-2020 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ դատարան է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց, որոնցից 94-ը՝ 2019 թվականին, 82-ը՝ 2020-ին։ Այդ 176 հայցերից վարույթ են ընդունվել 127-ը (2019-ին՝ 68, 2020-ին՝ 59), մնացած 49-ը վարույթ չեն ընդունվել (2019-ին՝ 26, 2020-ին՝ 23)։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am