Ալեն Սիմոնյանն ընդդեմ Արեգնազ Մանուկյանի. դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի հայցը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս անգամ նա հանդես է եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ:

ԱԺ նախագահի պահանջը պատգամավորից իր ունեցած ելույթի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելն ու փոխհատուցում բռնագանձելն է: Բարձրաստիճան պաշտոնյայի հայցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ընդունել է վարույթ, այն քննելու է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը: Նիստի օր դեռևս նշանակված չէ:

Սիմոնյանի փաստաբան Դավիթ Հունանյանը «Մեդիալաբին» հաստատեց տեղեկությունը, սակայն հրաժարվեց ասել, թե որքան ֆինանսական փոխհատուցում է պահանջում ԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորից:

«Վստահորդիս հետ պետք է համաձայնեցնեմ, նոր խոսեմ այս թեմայով», -հրաժարվելու պատճառը մատնանշեց փաստաբանը:

Այն, որ պատգամավորի դեմ սուտ խոսելու համար դատական հայց է ներկայացնելու,  Սիմոնյանը հայտարարել էր դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ նիստում. «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը՝ այն ֆոնին, որ քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ՝ սուտ խոսելու հետ կապված: Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսվա ընթացքում տեքստի տարբեր տեղերում  3 նախադասություն դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը»: Մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները»:

ԱԺ նախագահի այս ելույթից մի քանի օր առաջ Արեգնազ Մանուկյանն իր ելույթում նշել էր, որ իշխանափոխությունից հետո «լավացել» են Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը, նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է ասֆալտի տենդերներ շահել, պետբյուջեի հաշվին հարստանալ: Մանուկյանն Ալեն Սիմոնյանին մեղադրել էր նաև պետբյուջեի հաշվին շքեղ մեքենա ձեռք բերելու համար:

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am