«Վազգենի երազանքը կարող է կյանքի կոչվել, 1996-ը կարող է դառնալ 2021․ Ինչո՞ւ են քաղաքական ուժերն առաջադրում նրա թեկնածությունը»․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

Պարոն Մարկարով, ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Մյուս կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնում։ Ի՞նչ է կատարվում ներքաղաքական դաշտում։

-Մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, երբ գոյություն ունեցող իշխանությունն աստիճանաբար կորցնում է իր լեգիտիմությունը։ Արդեն լեգիտիմությունը միանշանակ այն մակարդակի վրա չէ, որը եղել է երկու տարի առաջ։

Եվ պարզ է, որ դրան նպաստել են ոչ միայն այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք չեն լուծվել այս 2,5 տարվա ընթացքում, այլ նաև այն արտաքին միջավայրը, որի մեջ հայտնվել է Հայաստանը պոստ նոյեմբերյան հայտարարությունից հետո։

Եվ այս պայմաններում, բնականաբար, ձևավորվում է այն, ինչ մենք չունեինք։ Խոսքն ընդդիմության մասին է։ Իսկ չունեինք այն պարզ պատճառով, որ դաշտն ամբողջությամբ զբաղեցրել են Փաշինյանն ու իր քաղաքական ուժը։

Այսինքն՝ պարզ է, որ 2018 թվականից հետո, ունենալով մեծ լեգիտիմություն ու բարձր վարկանիշ, դաշտից դուրս մղվեցին մի շարք քաղաքական կուսակցություններ։

Եվ երբ հիմա այս ուժը սկսում է կորցնել լեգիտիմությունը, առաջանում է վակումը, որը, բնականաբար, ինչ-որ բանով պետք է լցվի։ Եվ հասարակության կողմից լցվում է անտարբերությամբ, այսինքն՝ քաղաքացին չի կարող տարիների ընթացքում անընդհատ մոբիլիզացված լինել։

Բայց դրան զուգահեռ դաշտը լցվում է այլընտրանքային մոտեցումներով։ Եվ նրանք օբյեկտիվորեն պետք է ձևավորվեն այս իրավիճակից հետո։

Այսինքն՝ համակարգը, որը չունի ընդդիմախոս, ինքն ինչ-որ իմաստով կարող չէ, որովհետև շատ հազվադեպ է լինում, որ բնակչության 104 տոկոսը մտածում է միայն մեկ ուղղությամբ։

Քանի որ մենք ունենք ոչ թե մեկ ուղղությամբ մտածող հասարակություն, այլ հասարակություն, որը կրիտիկական է, որը մտածող է, որն ուզում է ունենալ արժանապատվություն, որի մեջ ձևավորվում է կոմպետենտության պահանջարկը, ինքը, բնականաբար, փորձում է իր հայացքն ուղղել նաև այլընտրանքային թեկնածուներին։

Եվ այս այլընտրանքային թեկնածուներն էլ իրենց առաջարկում են այս հասարակությանը։ Եվ հասարակության առաջարկվող այլընտրանքն այսօր ունի ձևավորվող բնույթ, այն է՝ 17 գլխանի մի մարմին։

Այն կարող է գոյություն ունենալ, մենք ունենք Վրաստանի փորձը՝ «Վրացական երազանք»-ով, որում ներգրավված են շատ կուսակցություններ ու քաղաքական շարժումներ, բայց այնտեղ կա մեծ բաբա, ով Իվանաշվիլին է, որն այս ամենը պահում է։

Մենք առայժմ չունենք անձը, ով այս ամենը պետք է պահի, բայց ձևավորվող միավորումը երկու նպատակ ունի։

Մի կողմից ցանկության բացակայությունն է՝ շարունակել քաղաքական կյանքը Փաշինյանի հետ։ Երկրորդն իրենց մոտեցումն է կապված անվտանգային քաղաքականության մեջ իրենց՝ ավելի կոմպետենտ լինելու հետ։

Այսինքն՝ խնդիը դասական է՝ կա իշխանություն և կա ընդդիմությունը։ Եվ այս դասական իրավիճակում, իհարկե, կա ճգանաժամային իրավիճակ՝ կապված արտաքին և անվտանգային միջավայրի հետ, որի վերաբերյալ իշխանությունը փորձում է ասել, որ՝ «մենք պատասխանատու ենք դրա համար և պատրաստ ենք դուրս գալ այս իրավիճակից»։

Դրան ի պատասխան ընդդիմությունն ասում է՝ «մարդիկ, ովքեր երկիրը հասցրել են այս վիճակին, իրավունք չունեն ոչ բարոյական, ոչ այլ հիմունքներով շարունակել հանդես գալ որպես իշխանություն»։

Առայժմ մենք այն վիճակում ենք, որ իշխանությունը դեռ պահում է ինստիտուտների մեջ իր գերակա դիրքը։

Բայց թե ինչ է կատարվում ինստիտուտներից դուրս՝ փողոցում, մենք տեսնում ենք։ Փողոցում ընդդիմության կողմից փորձ է արվում հավաքագրել, մոբիլիզացնել ու բնակչության դժգոհությունն ուղղել իշխանության դեմ։

Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն այսօր դեռ չունի այն մասսայական օժանդակությունը, որովհետև դա նաև որոշ չափով կապված է բնակչության հոգնածության հետ։

Այս հոգնածությունը լարված իրավիճակից հետո հոգեբանորեն հասկանալի է։ Այսինքն՝ մենք ունենք ընդդիմություն, ով փորձում է հավաքագրել, կոնսոլիդացվել ու ցույց տալ, որ ինքն ուժեղ է, և ունենք իշխանության ներկայացուցիչներ, որոնք ասելով, որ կրում են պատասխանատվությունը, չեն ցանկանում զրկվել իշխանությունից։ Չնայած, բարոյապես դա ոչ բոլորի համար է  ընդունելի։

Հետևաբար, վարչապետի, այս իշխանության հեռացման ճանապարհը ո՞րը կարող է լինել։

-Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանն այն պետությունն է, որտեղ մեզ համար այսօր կարևոր է կայունությունը, իսկ կայունությունը մենք ներկայացնում ենք որպես սահմանադրական կարգի տապալումը, այստեղ տարբերակն այն է, որին իշխանությունը պատրաստ չէ գնալ։

Այսինքն՝ պատրաստ չէ հայտնել անվստահությունը, ընտրել նոր վարչապետ և ցտեսություն ասել ներկա քաղաքական, խորհրդարական մեծասնությանը։ Այսինքն՝ այս իրավիճակը բարդ է պատկերացնել։

Ընդդիմության պատկերացումը, երբ ինքն ասում է, որ անհրաժեշտ է նոր ընտրություններ, հասկանալի է։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ըստ հարցումների՝ բնակչության 47 տոկոսը բացարձակապես կամ մասնակի կողմ է խորհրդարանական նոր ընտրություններին։

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հարցվածների մոտ կեսը կողմ է։ Եթե մենք առաջնորդվում ենք նրանով, որ հասարակական պահանջին ի պատասխան քաղաքական ինստիտուտները գնում են ընդառաջ և իրականացնում են գործողություններ, որոնց շրջանակներում իրենք կարող են և փորձել պահպանել իրենց դերակատարությունը, դա բարոյապես կարող է դիտվել նաև լավ։

Իսկ բնակչության ևս մոտ 40 տոկոսը կամ մասամբ, կամ ամբողջությամբ դեմ է նոր ընտրություններին։ Այսինքն՝ այստեղ իրենք հիմք ունեն մանևրի համար։ Եվ հանգուցալուծումը կարող է լինել արդյունավետ գործունեություն ցուցադրելը, ինչը, հաշվի առնելով նախորդ փորձը, ոչ բոլորի մոտ է առաջացնում հավատ։

-Մարդկանց մոտ կա տեսակետ, որ ընդդիմադիր ուժերը նախկինում էլ են գործունեություն ծավալել, կապ ունեն նախկինների հետ, արդյունավետություն չեն ապահովել։ Այսինքն՝ վստահությունը մեծ չէ այդ ուժերի նկատմամբ։

-Դրա համար էլ Վազգեն Մանուկայանին են առաջադրում վարչապետի թեկնածու, ով ունի մի քանի դրական իմիջային կողմեր։ Այսինքն՝ քաղաքականությունը ոչ միայն բովանդակության, այլ նաև PR-ի մասին է։ Մանուկյան Վազգենի առաջադրումն ունի մի քանի հիմնավորում։

Մեկն այն է, որ մարդն ունի փորձ, եղել է վարչապետ՝ առաջին վարչապետը երրորդ հանրապետությունում։

Մարդ, ով չի ասոցացվում նախորդների հետ, որովհետև և ընդդիմադիր է եղել, և հասարակական կառույց է ղեկավարել, չի եղել տեղեկություն, որ ներառված է այս կամ այն կոռուպցիոն սխեմաների մեջ։

Մյուս կողմից, իրենք ասում են, որ Վազգեն Մանուկյանի առաջադրումը իրավիճակից դուրս գալու ճանապարհ է, ազգային համաձայնության կառավարության ղեկավար լինելով՝ հավակնություններ չունի։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա և ինքը դառնա վարչապետ, դա նշանակում է պոտենցիալ հաջորդ նախագահն է։

Եթե համակարգն ամբողջությամբ ապամոնտաժվելու է, ապա դրա մեջ մտնում են ոչ միայն խորհրդարանն ու վարչապետը, այլ նաև նախագահը։ Այս տեսանկյունից Վազգենի երազանքը կարող է կյանքի կոչվել, այսինքն՝ 1996-ը կարող է դառնալ 2021 թվական։

Ամփոփելով՝ ունենք հետևյալ իրավիճակը՝ ընդիդմությունը փորձում է զբաղվել գործունեությամբ՝ քննադատելով կառավարությանը։ Այսինքն՝ վերջապես ընդդիմությունը կարծես ձևավորվում է, ցավոք, այս պայմաններում։

Եվ ձևավորվելով՝ ինքը ներկայացնում է առայժմ մեկ գաղափար, որի իմաստը հասկանալի է՝ Փաշինյանը պետք է հեռանա՝ իր քաղաքական ուժի հետ մեկտեղ։ Սակայն մենք պետք է սպասենք նաև հաջորդ քայլին, այսինքն՝ ի՞նչ են առաջարկում որպես տարբերակ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

Իսկ իշխանությունը չի կարող անտեսել այս դժգոհությունը, դա կլինի անկայունության հիմքը։ Փողոցը Հայաստանի պատմության մեջ իր դերն ու նշանակությունը, քաղաքական ազդեցության պատմությունն ունի՝ 1988 թվականից սկսած։ Եթե մասսայական մոբիլիզացում տեղի ունենա, իրավիճակ կարող է փոխվել, չնայած առջևում ձմեռ է, դժվար է մարդկանց երկար ժամանակ փողոցում պահել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am