Մենք բոլորս մի նավակում ենք

Լուսանկարը՝ «Ռոյթերս»

Ստեփանակերտի մամուլի ակումբը Ադրբեջանի ենթակայությանն անցած տարածքներից, հիմնականում՝ Հադրութից ու Շուշիից տեղահանված, Ստեփանակերտում ապաստանած բնակչության համար դասընթացներ էր կազմակերպել: 

Նպատակը՝ օգնել, որպեսզի նրանք կարողանան օգտվել իրենց աջակցության համար նախատեսված ծրագրերից և արդյունավետ հանրայնացնեն իրենց խնդիրները՝ նպաստելով դրանց լուծմանը: 

Դասընթացներին մասնակցում էին 12 հոգի՝ 5 ուսանող, 1 մանկավարժ, 1 ՊԲ սպա, 2 տնային տնտեսուհի, 2 թոշակառու, մասնակիցներից մեկն էլ որոշակի մասնագիտություն չուներ: 

Թրեյնինգների առաջին օրը հարցադրում ուղղեցի նրանց՝ գո՞հ են արդյոք, թե ինչպե՛ս են լուսաբանվում իրենց խնդիրները, ու, ընդհանրապես, ի՛նչ խնդիրների են առնչվում: 

Բողոքների գերակշիռ մասը օգնությունների բաշխման վերաբերյալ էր: Հիմնական շեշտադրումը՝ «Ինչո՞ւ այս մեկին այսինչ բանը տվել են, ինձ չեն տվել»:

Երևույթը տխուր խորհրդածությունների տեղիք տվեց. մտավախությունը մեծ է՝ մարդիկ կսովորեն օգնություն ստանալով ապրելուն, ու այլևս իրենց ուժերով ապրուստ հոգալը հետին պլան կմղվի: 

Հոգեբան Մելինե Ծատրյանի կարծիքով՝ հետպատերազմյան հասարակություններին բնորոշ այս իրավիճակը հանգեցնում է նախաձեռնողականության կորստի, մարդիկ կառավարելի են դառնում, նրանց թելադրելը հեշտանում է:

Արցախի պարագայում սա վտանգավոր է, որովհետև մեր ինքնապաշտպանության բնազդը, թշնամու այսքան մոտ հարևանության պարագայում, պիտի որ շատ ուժեղ լինի: 

Եվս մի մտահոգող երևույթի մասին, որն արդեն ներքին ջլատման երանգ է պարունակում, իրենք՝ տեղահանվածներն են բարձրաձայնում:

Նրանց հետ զրույցից պարզվում է, որ տարբերություն են զգում իրենց ու տեղաբնակների միջև: Պարզվում է՝ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը չէ միայն: Այստեղ էլ ստեփանակերտցի-հադրութցի, քաղաքացի-գյուղացի տհաճ երևույթը կա: 

«Ծանրոց էի ստացել, գնացի «Արցախփոստի» բաժանմունք ստանալու: Աշխատակցուհին պատասխանեց, որ շատ զբաղված է, չի կարող սպասարկել: Հետո ավելացրեց, որ հադրութցիներին սպասարկող աշխատակցուհին տեղում չէ, իսկ ինքը մի 3 օրից ազատ կլինի»,- պատմում է Հադրութի բնակիչ Վերոնիկա Սաֆարյանը: 

«Երևի թե մեկ այլ պարագայում նման վերաբերմունքը իմ վրա չազդեր, բայց երբ տեղահանվածի կարգավիճակում ես, կրկնակի ցավալի է»,- հոգոց հանելով կիսվում է դեռատի կինը, ով բնույթով խեղճ չէ, պայքարող տեսակ է: 

Վերոնիկան Հադրութում ընտանեկան բիզնես ուներ, իսկ հիմա ստիպված է օգնությունների հաշվին գոյատևել: Դա նսեմացնում է նրա մարդկային արժանապատվությունը, բայց այս պահին այլ տարբերակ չունի: 

Ներքին տեղահանվածների խնդիրները բաժանվում են մի քանի ենթախմբերի՝ հոգեբանական, սոցիալ-կենցաղային, խտրականություն, չինովնիկական քաշքշուկներ:

Ամեն օր հազարավոր մարդիկ առնչվում են նույն խնդիրներին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Հայրենիք վերադարձողների պարագայում այս ամենին ավելանում է գերխնդիրը՝ անվտանգության հարցը: 

«Ինձ աշխատանք են առաջարկում, բայց՝ սահմանային գյուղում, վախենում եմ գնալ: Ո՛վ է իմ անվտանգության երաշխավորը»,- ասում է Շուշանիկ Խալափյանը: 

Հադրութցի Իրինա Մայիլյանն էլ, ով Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է, աշխատանք է փնտրում. «2 ամսից ավարտում եմ համալսարանը, հաշվապահի մասնագիտացում եմ ստանում, աշխատանք եմ փնտրում, որ կարողանամ ինչ-որ չափով օգնեմ հարազատներիս ու սեփական կարիքներս հոգամ»: 

Ի դեպ, Արցախում բոլոր պետական գերատեսչություններին հրահանգված է առաջնահերթ աշխատանքի տեղավորել տեղահանվածներին, ինչը դժգոհություն է առաջացնում տեղի գրանցում ունեցողների մոտ, որոնք ևս աշխատանքի կարիք ունեն: 

«Աղջիկս ավարտել է Ստեփանակերտի բժշկական քոլեջը, բուժքույր է, բայց 2 տարի է՝ աշխատանք չունի: Գիտեմ, որ պատերազմից հետո շատերն են լքել քաղաքը, դիմեցի առողջապահության նախարարություն, ասացին՝ թափուր տեղերում տեղահանվածներին ենք տեղավորում»,- սրտնեղում է Ստեփանակերտի բնակիչ Ամալյա Ենոքյանը: 

Ստեփանակերտցիների մի դժգոհությունն էլ խցանված փողոցների հետ է կապված. 40 հազար բնակչի սովոր քաղաքը այսօր կրկնակի ծանրաբեռնված է՝ ճաշի ժամերին, ու ոչ միայն, փողոցներում ասեղ գցելու տեղ չի լինում, երթուղայինները գերլցված են, համավարակի վտանգը երկրորդ պլան է մղվել: 

Անորոշ ապագան, սոցիալ-կենցաղային խնդիրները իրենց դրոշմն են դրել, ու նախկինում համբերատար, կարեկցող մարդն այսօր այլ վարվելակերպ է դրսևորում: 

«Միշտ գիտակցել եմ, որ բոլոր մարդիկ չեն կարող հավասար լինել, նույն դատողությունն ունենալ: Բայց պատերազմից հետո մարդիկ ավելի ագրեսիվ ու ջղային են դարձել»,- ասում է Նինա Բաբայանը: 

Մենք պետք է սովորենք խոսել միմյանց հետ: Քանի որ հայրենիքում ապրելու որոշում ենք կայացրել, պիտի իրար օգնենք: Հաճախ կոպիտ վերաբերմունքը կոտրում է, թուլացնում, ջլատում ուժերը ու հակառակը՝ բարի խոսքը բուժում է, ներշնչանք հաղորդում:

Մենք բոլորս մի նավակում ենք՝ չմոռանանք այդ մասին: 

Մարինե Մկրտչյան 

Արցախ

MediaLab.am