«Կամ պիտի փախնեմ տնից, կամ՝ աբորտ անեմ»․ Սելեկտիվ աբորտների հետեւում, երբ կնոջ ձայնը որոշիչ չէ

«Կամ պիտի փախնեմ տնից, կամ՝ աբորտ անեմ»․ Սելեկտիվ աբորտների հետեւում, երբ կնոջ ձայնը որոշիչ չէ
«Կամ պիտի փախնեմ տնից, կամ՝ աբորտ անեմ»․ Սելեկտիվ աբորտների հետեւում, երբ կնոջ ձայնը որոշիչ չէ

Մարինեն (անունը փոխված է), երբ ամուսնանում էր, մտքով չէր էլ անցնում, որ ամուսինը, որը մինչ հարսանիքն այդքան հոգատար էր եւ ուշադիր, ամուսնությունից հետո իրեն կսպառնա, եւ նման քայլերի կդրդի։

Հղիության լուրից շաբաթներ անց առաջին անգամ բժշկին այցելությունից հետո, երբ բժիշկը տեղեկացրել էր երեխայի սեռի մասին` աղջիկ, ամուսնու եւ նրա ծնողների արհամարհական արձագանքը չէր ուշացել. «Աղջի՞կ, ո՞նց, խի՞, ես տղա էի ուզում,-հետո ավելացրել,-֊դելավ, երկրորդն անպայման պիտի տղա լինի»: 

«Աղջկաս մի տարեկանը նոր էր լրացել՝ամուսինս գնաց Ռուսաստան աշխատելու, տեղեկացրի, որ կրկին հղի եմ, ասեց՝տես հա, տղա չեղավ, հորդ տուն եմ ղրգելու, էլի աղջկա զահլա չկա: Շշմել էի ասածներից, հեռախոսը ձեռքիցս ընկավ, վախից դողում էի»,-«Մեդիալաբին» պատմում է Մարինեն:

Ահ ու սարսափով Մարինեն սպասում է հղիության 12 շաբաթվան, երբ սովորաբար պարզվում է երեխայի սեռը։ Ամուսնու սպառնալիքներին զուգահեռ, սկեսուրը եւս սկսում է խոսել այն մասին, որ եթե երեխան կրկին աղջիկ եղավ, աբորտ պետք է անել։

«Առանց իմ կարծիքը հարցնելու նրանք այդպես էին որոշել: Ամեն  անգամ, երբ ես խոսակցություն էի բացում, թե՝երեխաներ եխա է, սեռն ինչ կապ ունի, չեմ ուզում աբորտ անել, սկեսուրս, սկեսրայրս ու, ամենացավալին այն էր, որ նաեւ ամուսինս, ասում էին՝ որոշողը դու չես։ Մենք ի վիճակի չենք մի քանի աղջիկ բերես ֊շարես՝ պահենք: Մեզ մի հատ էլ տղա ա պետք, ու վերջ»:

Տեղեկանալով, որ երկրորդ երեխան կրին աղջիկ է, Մարինեն խնդրում է բժշկին, որ լռի եւ ընտանիքի անդամներին ոչինչ չասի, ամուսնուն եւ սկեսուրին էլ ասում է, թե իբր թե պտղի սեռը դեռ չի երեւում։

«Մտադրված էի այնքան ժամանակ թաքցնելու իրականությունը, մինչեւ աբորտ անելն անհնար լիներ։ Բայց․․․սկեսուրս չհավատաց ինձ, զանգեց ամուսնուս ու բողոքեց, թե բա կնիկդ մի բան թաքցնում ա, արդեն վախտն ա ու պիտի երեւա՝ տղա՞ է, թե՝աղջիկ: Ամուսինս զանգեց ու սպառնաց ինձ նորից: Ես ուզում էի ինչունեի-չունեի հավաքեի, աղջկաս վերցնեի ու գնայի, բայց ո՞ւր, ո՞նց, ամուսնուցս էլ վախեցա, ու հետ կանգնեցի էդ մտքից»,-«Մեդիալաբին» պատմում է Մարինեն։

Իրավիճակի «լրջությունն» ընկալելով, Մարինեի ամուսինը հետ է վերադառնում Ռուսաստանից հատուկ կնոջը անձամբ հետազոտոթյան տանելու եւ պտղի սեռի մասին տեղեկություն ստանալու համար: Սակայն բժշկուհին տեսնելով Մարինեին ու ամուսնուն, հրաժարվում է ԷԽՈ անել, պատճառաբանելով, թե «այդքան հաճախակի հետազոտվել չի կարելի»։

Նույն օրը Մարինեին տանում են մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց, որտեղ ամուսինը համոզվում է, որ պտուղն իգական է։ Առանց կնոջ կարծիքը հարցնելու` հղիությունն ընդհատվում է ամուսնու ցանկությամբ։ Հղիության ընդհատումից հետո, Մարինեն եւս երկու հղիություն է ունենում, որոնք ընդհատվում են վաղ ժամկետում:

 «Ես վստահ եմ, եթե նորից աղջիկ լինի, նորից ինձ աբորտի են դրդելու: Կա՛մ պիտի փախնեմ տնից, կա՛մ՝աբորտ անեմ»,-ասում է Մարինեն:

Մարինեի դեպքը եզակի չէ։ Կանայք, ովքեր չեն ուզում ընդհատել հղիությունը, սակայն ընտանիքի անդամների ճնշման ներքո ճարահատյալ գնում են այդ քայլին, քիչ չեն։

Արմինեն (անունը փոխված է) հիշում է, թե ինչպես էր ամուսինը սպառնումլ քել իրեն ու երեխաներին, եթե երրորդ երեխան էլ աղջիկ ծնվի։ Կնոջ պատմելով, երբ ամուսնուն տեղեկացրել էր, որ կրկին հղի է, լսել էր․

«Հենց պարզվի էլի աղջիկա, ինձ չասես, կգնաս սուսուփուս աբորտ կանես, չստիպես ես քեզ զոռով տանեմ․․․հաջորդը պիտի տղա ունենամ»:

«Ստորացուցիչ էր էդ սպառնալիքը, բայց ինչ կարող էի անել. դժվար էր ինձ համար, բայց հանեցի երեխային»,-«Մեդիալաբին» պատմում է Արմինեն:

Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, տարեկան մոտ 1500 աղջիկ երեխա չի ծնվում. Նրանց կյանքը ընդահատում են աբորտով՝ արու զավակ ունենալու նախապատվությունից դրդված:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության եւ հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը նշում է, որ Հայաստանում ոչ միշտ է, որ կանայք իրավունք եւ հնարավորություն ունեն իրենց մարմին հետ կապված որոշումներ կայացնելու, հատկապես, երբ հերթը հասնում է աղջիկ երեխա ունենալուն։

«Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կանանց ստիպում են ընդհատել հղիությունը հակառակ իրենց կամքի, բայց երբեմն էլ լինում է այնպես, որ կանայք իրենք էլ իրենց կամքով գնում են այդ քայլին: Աբորտի իրավունքն իհարկե կնոջ իրավունք է, բայց եթե դա ընտրողաբար է իրականացվում, միմիայն վկայում է տվյալ հասարակությունում կանանց վերագրվող ավելի ցածր դերի ու կարգավիճակի մասին: Այսինքն, Հայաստանում աղջիկ ծնվելն արդեն իսկ պատվաբեր չէ, մինչդեռ տղա երեխան պարծանքի է արժանի. Հենց այս մոտեցումն է, որ կանանց մեր հասարակությունում իրենց կյանքի առաջին օրվանից ավելի խոցելի է դարձնում»։

Մինասյանը նշում է, որ կանայք, երբեմն, մեր հասարակությունում դիտարկվում են նաեւ որպես «ինկուբատորներ», որոնց հիմնական առաքելությունը տղա երեխա լույս աշխարհ բերելն է: ՀԿ-ի ներկայացուցչի խոսքերով, կնոջը ստիպել երեխա ունենալ, եթե վերջինս չի ցանկանում կամ, հակառակը, ստիպել, որպեսզի նա ընդհատի հղիությունն՝ հակառակ իր կամքի, կնոջ սեռական եւ վերարտադրողական իրավունքների խախտում է՝ ամրագրված մարդու իրավունքների մի շարք միջազգային փաստաթղթերում․

«Երեխա ունենալը որքան էլ որ ցանկալի երեւույթ է, այն ամեն դեպքում պետք է կատարվի զույգի փոխհամաձայնությամբ»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, եթե ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 105-106 տղա յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով, ապա Հայաստանում այդ հարաբերակցությունը զգալիորեն խախտված է, այն  կազմում է 114 տղա՝ 100 աղջկա հաշվով, իսկ Գեղարքունիքում՝ 124 տղա՝ 100 աղջկան:  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով, եթե այսպես շարունակվի, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի մոտ 93 հազար աղջիկներ, աղջիկներին տղաներով փոխարինելու հետեւանքով, մինչեւ 2060 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի առնվազն 80 հազար մարդով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ աղջիկ երեխաների կյանքն հղիության արհեստական ընդհատումներով շարունակելը մեր երկրում ժողովրդագրական դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների է հանգեցնելու:

Բացի այս, ըստ Հայրապետյանի, հասարակությունում ծնունդների բալանսի խախտումը կարող է հանգեցնել տարբեր տեսակի եւ որակի հանցագործությունների աճի, ինչպես օրինակ Հնդկաստանում եւ Չինաստանում, որտեղ սեռերի համամասնության խախտման հետեւանքով վերջին 40 տարում տարածված է կանանց տրաֆիկինգը,կամ մի քանի եղբայրներով մեկ կին ունենալը: Հայրապետյանը նշում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանի համար եւս կարող են նման հետեւանքների հանգեցնել:

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում է կառավարության՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի մեր երկրում կարգելվի սեռով պայմանավորված աբորտը:

Գարիկ Հայրապետյանն ասում է, որ օրենքին զուգահեռ պետք է հասարակության գիտակցությունը փոխել, բարձրացնել աղջիկ երեխայի արժեքն ու կնոջ դերը: Հայրապետյանի կարծիքով, երբ պետությունը նման օրենք էը ընդունում, սա ազդակ է, որպեսզի մարդիկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումից առաջ մեկ անգամ էլ մտածեն՝ արժե՞ գնալ այդ քայլին, թե՞ ոչ:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է՝ օրենքի ընդունումից հետո ոչ միայն սելեկտիվ աբորտներն, այլեւ ընդհանրապես աբորտների թիվը կարող է նվազել։ Հղիության արհեստական ընդհատմանը դիմած կնոջն, ըստ օրենքի նախագծի, 3 օր ժամանակ է տրվելու մտածելու համար։ 

Ավագյանի խոսքերով՝ էխոսկոպիստները վերապատրաստվում են, թե ինչպես պետք է վարվեն այդ կանանց հետ․ հուզահոգեբանական մեթոդներ են կիրառվելու։ Բժիշկներն, ըստ Ավագյանի, ցույցեն տալու պտղի սրտի աշխատանքը, երեխայի թաթիկները, տոտիկները:

«Եւ սա կարող է ազդեցություն ունենալ, որովհետեւ ոչ մի մայր չի սպանի երեխային, երբ տեսնի նրան։ Աղջիկ երեխայի արժեքի մասին է խոսվելու, բացատրելու են՝ միշտ չէ, որ տղա ունենալը երաշխիք է ծերության օրերին հոգ տանողի մասին, աղջիկներն ավելի հոգատար են, օրինակ ծերանոցներում հայտնվածներից շատերը որդի ունեն», – «Մեդիալաբին» ասում է նա։

Այնուամենայնիվ, եթե կինն այդ 3 օրը մտածելուց հետո էլ չի համոզվել, ցանկանում է աբորտի դիմել, ի՞նչ է նախատեսում օրենքը, մեր այս հարցին ի պատասխան, Ավագյանն ասում է՝ աբորտը կնոջ իրավունք է, ըստ օրենքի, յուրաքանչյուր կին ինքն է որոշում իր մայրության հարցը եւ իրավունք ունի մինչեւ 12 շաբաթական հղիությունն ընդհատել։

«Օրենքում գրել ենք՝ պտղի սեռով պայմանավորված աբորտներն արգելվում են ՀՀ-ում։ Ժամկետներն էլ, այսօր այնքան լուրջ տեխնոլոգիաներ կան, որ կարող են ավելի շուտ որոշել, օրինակ ԱՄՆ-ում՝ 3-4 շաբաթականում են որոշում։ Մի օր կարող է այս թանկարժեք տեխնոլոգիան մեր երկիր էլ ներմուծվի, դրա համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել, որ գրել ենք՝ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատոււմն արգելվում է ցանկացած ժամկետում։ Եթե կինն ասի, որ սեռով պայմանավորված է դիմում աբորտի, ոչ ոք իրավունք չունի անել։ Եթե արվի, ապա վարչական պատասխանատվության է ենթարկվելու՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով»։

Ավագյանը վստահեցնում է, որ եթե կինն անգամ չասի էլ, որ աբորտը սեռով պայմանավորված է, ապա մասնագետները որոշ հարցերի, զրույցի եւ այլնի միջոցով կարող են պարզել աբորտի պատճառը, ըստ այդմ էլ որոշում կայացնել։

Գայանե Ավագյանի խոսքերով՝ մեր երկրում կնոջ դերը պետք է կարեւորվի, ոչ թե միայն թղթի վրա՝ հավասար իրավունքներով, այլ նաեւ այլ դաշտերում․

«Կաթիլ-կաթիլ կարող է փոխվի վերաբերմունքը աղջիկ երեխաների նկատմամբ, քարոզվի, թե ինչ կարեւոր դեր ունի աղջիկը, օրինակ դերասան Շերենցի խոսքերը «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում, երբ կնոջ շիրիմի մոտ ասում է․

«Բա քո արածն՝ արա՞ծ էր, էդքան տղա բերեցիր, ամեն մեկն իրա կնիկն առավ թռավ, գոնե մի հատ աղջիկ բերեիր, հիմա կողքս կլիներ»․․․

Նելլի Բաբայան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

© MediaLab.am