Իրականում կատարվողը քարտեզագրության ոլորտից դուրս է ընդհանրապես. Շահեն Շահինյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

 – Պարո՛ն Շահինյան, նախորդ շաբաթվա վերջին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն լինի։ Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Ինձ համար այն հարյուր տոկոսանոց անհասկանալի միտք է։ Անհասկանալի է, թե ինչու այն ժամանակ հնարավոր եղավ վերականգնել Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմանները, հիմա հնարավոր չէ։ 

Մենք ունենք շատ մեծ խնդիր, որ ոչ մեկը տեղեկացված չէ՝ ի՛նչ իրավական հիմքով են իրականացվում սահմանազատման աշխատանքները, ամբողջ աշխատանքների իրավական հիմքը ո՛չ հայտնի է, ո՛չ հրապարակված է։ 

Ստացվել է շատ հետաքրքիր իրավիճակ, որ սահմանազատումը մի հատվածում իրականացվել է, ըստ պաշտոնական հայտարարությունների, բայց սահմանազատումն իրականացնողների կանոնակարգը դեռ հաստատված չէ, սա բացառիկ բան է։ Իրականում շատ դժվար է մեկնաբանել այն, ինչ հիմա տեղի է ունենում, որովհետև ինֆորմացիայի բացարձակ պակաս կա։ 

– Դատելով այդ ամեն ինչից՝ ըստ էության հիմա ի՞նչ է տեղի ունենում ՀՀ սահմանների հետ։

– Չեմ կարող ասել, իրականում դա քարտեզագրության ոլորտից դուրս է ընդհանրապես։ 

– Եթե, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, գա այնպիսի մի պահ, որ նոր պայմանավորվածություն ձեռք բերեն, ՀՀ ո՞ր հատվածները վտանգված կլինեն։

– Այդ պարագայում կարող են վտանգվել բոլոր հատվածները, հանրաքվեի դրվում է և՛ այն դեպքում, երբ պետությունը տարածք է զիջում, և՛ այն դեպքում, երբ պետությունը տարածք է ստանում։ Այս պահին շատ դժվար է ասել, թե ո՛ր տարածքների մասին է խոսքը, կարող է ամբողջ սահմանի վերաբերյալ լինի հարցը, ինչը ռիսկեր ունի։ 

– Իսկ սահմանազատման ու սահմանագծման ընդունված կարգը ո՞րն է, որ այդ գործընթացը նաև օրինական համարվի, պարո՛ն Շահինյան։

– Սահմանազատումն առաջին հերթին ենթադրում է երկու կողմից սահմանազատման սկզբունքների ձևավորում ու համաձայնեցում, այսինքն՝ առաջին հերթին կողմերը համաձայնեցնում են, թե ինչ սկզբունքներով են իրականացնելու սահմանազատումը, ու հենց այս՝ առաջին կետում, մենք ունենք խնդիր։ 

Հայկական կողմն առաջարկում է սահմանազատումն իրականացնել Խորհրդային Միության վերջին՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով, որքան էլ այդ ընտրության հիմքը մեզ համար անհասկանալի է, բայց փաստացի հիմա դա է առաջարկվում, իսկ ադրբեջանական կողմն ասում է, որ սահմանի որոշ հատվածներ կարող են սահմանազատել խորհրդային քարտեզներով, իսկ որոշ հատվածներում կիրառել այլ մեթոդաբանություն։ 

Ադրբեջանի առաջարկը չի կարող ընդունելի լինել, քանի որ պարունակում է անորոշություններ։ Հնարավոր է լինի իրավիճակ, երբ կողմերը ֆիքսեն, որ սահմանի այս հատվածը սահմանազատում են այս սկզբունքով, մյուս հատվածը՝ մեկ այլ սկզբունքով, բայց դրանք պետք է հատ-հատ գրվեն ու համաձայնեցվեն։ Դրանից հետո մշակվում է սահմանազատման քայլերի քարտեզ, որը ենթադրում է քայլերի հաջորդականություն։ Սրանից հետո ձևավորում են ներպետական հանձնաժողովներ, ու դրանք կազմում են իրենց տեսակետը գործընթացի վերաբերյալ: Իրենք գծում են քարտեզներ, ստեղծում են տեղեկամատյաններ, կատարում են բազմաթիվ ուսումնասիրություններ՝ սկսած իրավականից, վերջացրած տնտեսականով, ու հասկանում են, թե իրենց ընտրած եղանակներով ի՛նչ են ստանալու ու ի՛նչ են կորցնելու։ Ընդ որում՝ կատարվում է հստակ հաշվարկ՝ ի՛նչ ճանապարհների հետ է խնդիր առաջանալու, ի՛նչ ենթակառուցվածքների հետ է խնդիր առաջանալու, սահմանազատման արդյունքում արդյոք լինելո՞ւ են տեղահանվող բնակիչներ, եթե այո՝ որքա՞ն է կազմելու նրանց թիվը, ի՞նչ են անելու նրանց հետ: Քննարկում են նաև այն թեմաները, թե սահմանազատման հետ կապված ֆինանսավորումն ի՛նչ աղբյուրներից է իրականացվելու։ 

Այս ամենից հետո միայն սկսում են փուլային հանդիպումներ ու սահմանագծի փուլային համաձայնեցումներ, որոնց ընթացքում կարող են իրականացվել այցեր տեղանք։ Քանի դեռ ամբողջական սահմանագիծը համաձայնեցված չի լինում, սահմանասյուների տեղադրում չի իրականացվում։ Սահմանազատման ամենավերջին փուլն է սահմանասյուների տեղադրումը։ 

– Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցողը դո՞ւրս է բոլոր օրենքներից։

– Ինձ համար անհասկանալի է, մենք գրավոր դիմել էինք Կառավարություն, որպեսզի ստանայինք անհրաժեշտ նյութերը, և մենք ևս կարողանայինք գնահատել՝ ի՛նչ է տեղի ունեցել Տավուշի սահմանին, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել։ 

Տեղեկատվության բացակայության պայմաններում միայն կարող ենք ենթադրություններ անել, ու սա է ամենամեծ խնդիրը, որ չկա կոմունիկացիա հասարակության հետ, չի կարելի հասարակությանն ասել՝ կուրորեն հավատացեք մեզ, նորմալ հասարակություններում սա անընդունելի մոտեցում է։ 

– Դատելով այս ամենից՝ կարո՞ղ ենք մտավախություն ունենալ, որ առաջիկայում մեզ սպասելու են տարածքային նոր զիջումներ, ինչի համար էլ խոսվում է հանրաքվեի մասին։

– Չեմ կարող ասել, էլի եմ ասում, որ հանրաքվեն անցկացվում է և՛ պետության տարածքի փոքրացման, և՛ մեծացման պարագայում: Իհարկե, ելնելով մեր իրավիճակից՝ ես խոր կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կառաջարկի ինչ-որ մի տարածք փոխանցել մեզ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am