Պենտագոն. Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ է եղել.«Ամերիկայի ձայն»

Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ է եղել։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։ 

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն` ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությոններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել էր մասնակից երկրների շարքից:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանական գերատեսչության խոսնակ Արամ Թորսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: