Վերին Գետաշենում ընթացքի մեջ է սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները

Վերին Գետաշեն համայնքում օգոստոսի 27-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են յոթ փողոցների ասֆալտապատման եւ ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ասֆալտապատվող յոթ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 3700 գծամետր:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն 360 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն 240 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ասֆալտապատվում են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները:

Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցել է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով:

Ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիս ամսից: Ջրատարը կառուցվում է 2100 գծամետր երկարությամբ:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 240 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 960 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:

Ոռոգման համակարգը կառուցվում է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։