Լոռու մարզպետի քարոզարշավը հակասում է օրենքին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Այսօր՝ 2012 թվականի մարտի 22-ին, ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ և ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցինչների և աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը և հիշեցնում, որ

1.ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն… Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար, մարզպետը իրավասու չէ օգտագործել իր պաշտոնեական դիրքը` ի օգուտ ՀՀԿ քարոզչություն իրականացնելու համար:

2.ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն … Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը …: Հիշեցնենք, որ այսօր`2012 թվականի մարտի 22-ը դեռևս թեկնածուների առաջադրման վերին օրն է: Հետևաբար, նախընտրական քարոզչություն իրականացնելը դեռևս արգելված է օրենսդրությամբ:

3.Արգելվում է աշխատանքային ժամանակը օգտագործել այլ նպատակների համար:

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռք առնել ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան որակում տալու և հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար:

22.03.2012 թ.

Վանաձոր

© Medialab.am