Հայաստանը և ԵՄ-ն նոր փաստաթուղթ կազմելիս հիմնվելու են Ասոցացման համաձայնագրի վրա

Հայաստանը և ԵՄ-ն նոր փաստաթուղթ կազմելիս հիմնվելու են Ասոցացման համաձայնագրի վրա
Հայաստանը և ԵՄ-ն նոր փաստաթուղթ կազմելիս հիմնվելու են Ասոցացման համաձայնագրի վրա

Թեև 2013 թ.-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պատճառով չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, այնուամենայնիվ երկու տարի անց Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Այն պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով փոփոխված իրողությունները: Մասնավորապես Հայաստանի պատրավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Մինչև վերջերս Եվրամիության հետ ընթանում էին քննարկումներ, որոնց արդյունքում որոշում է կայացվել սկսել բանակցություններ Հայաստանի հետ նոր համաձայնագրի կազմման շուրջ: «Արդեն դիմում-պահանջ է ներկայացված Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով, որպեսզի տրամադրվի համապատասխան մանդատ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում արդեն իսկ նախանշվում են այն ոլորտները, որոնց շուրջ Հայաստանը և ԵՄ-ն շարունակելու են երկխոսել: Դրանք են վիզաների ռեժիմի դյուրացում, ավիացիա և այլն», – հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: 

«Մեդիա կենտրոնում» մայիսի 29-ին Գարեգին Մելքոնյանի, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուրվագծվող տեսլականն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո» թեմայով:
 
Կողմերը բանակցվելիք փաստաթղթում, որն ըստ էության հանդիսանալու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքը, հիմնվելու են արդեն բանակցված, բայց չստորագրած Ասոցացման համաձայնագրի վրա: «Նոր փաստաթղթում հնարավորինս կընդգրկվեն այն հատվածները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են եղել: Իհարկե ոչ բոլոր ոլորտները կարող են ներառվել, քանի որ փոխվել է իրավիճակը, և Հայաստանն ունի որոշակի պարտավորություններ Եվրասիական միության շրջանակներում», – պարզաբանեց Մելքոնյանը՝ մանրամասնելով, որ նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:
 
Առաջիկայում Եվրամիության հետ կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ Մելքոնյանի կարող են ներառվել, հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ և առևտուր: «Մենք որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք փաստաթղթում», – հավելեց փոխնախարարը՝ նշելով, որ Հյաստանը հայտնվում է բավականին շահեկան վիճակում, քանի որ գտնվելով Եվրասիական տնտեսական միության մեջ՝ տնտեսական բավական սերտ համագործակցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ: «Մենք աշխատում ենք Եվրամիության հետ GSP+ համակարգով, որը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ գրեթե զրոյացված մաքսատուրերով», – նշեց նա:
 
GSP+ համակարգով աշխատել ԵՄ-ի հետ, ըստ Գագիկ Մակարյանի, դեռ չի նշանակում, որ Հայաստանում արտադրված ապրանքները արտահանվում են Եվրամիության շուկա: «Մեր գործարարների մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս առ այն, թե ինչ է այդ համակարգն իրենից ներկայացնում: Մեր գործարարները խուսափում են մրցակացությունից և ցանկանում են աշխատել հիմանակում ռուսական շուկայի հետ, որն ավելի ծանոթ է իրենց», – նշեց նա:
 
Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումները Մակարյանը դրական գնահատեց՝ նշելով, որ այս դեպքում գործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը: «Արևելյան գործընկերության շրջանակներում մենք արդեն ստանում ենք այն ամենը, ինչ մեզ պետք է: Անպայման չէ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով այդ մասին խոսել, քանի որ այն կարող է առաջացնել Ռուսաստանի բացասական ռեակցիան, ինչը կարող է ունենալ իր հետևանքները», – ասաց բանախոսը:
 
Հայաստան-ԵՄ ապագա տնտեսական համագործակցության մասով վերապահումներ ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելը դեռ չի նշանակում, որ  դրանից հետո  հայկական ապրանքները կլցվեն եվրոպական շուկաներ և Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպա կմեծանա: Եվրամիությունը այժմ թուլացնում է եվրոյի դիրքերը, որպեսզի խթանի սեփական ապրանքների սպառումն արտերկրում: Այս առումով անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից, դեռևս պարզ չէ՝ տնտեսական համագործակցություն կստացվի, թե ոչ», – նշեց նա:
 
Քննարկման ավարտին բանախոսները դրական գնահատեցին Եվրամիության հետ քննարկումների ընթացքը՝ հույս հայտնելով, որ դրանք կպսակվեն հաջողությամբ: Գարեգին Մելքոնյանը իր հերթին տեղեկացրեց, որ Եվրամիության հետ հարաբերությունների մասին տեղեկացվում են նաև Հայաստանի ԵԱՏՄ-ի մասով գործընկերները: «Սա շատ բնորոշ գործընթաց է յուրաքանչյուր մաքսային կամ տնտեսական միության համար: Օրինակ՝ Եվրամիության անդամ որևէ երկիր միայնակ իրավունք չունի ազատ առևտրի համաձայնագիր կնքել երրորդ պետության հետ», – եզրափակեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր