Հայկ Հարությունյանով են սկսվել Մարտի 1-ի առավոտվա գործողությունները. Սեդա Սաֆարյան. Galatv.am

Հայկ Հարությունյանով են սկսվել Մարտի 1-ի առավոտվա գործողությունները. Սեդա Սաֆարյան. Galatv.am

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Վերջինս Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

–  Ինչպիսի՞ դերակատարում ուներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործում:

– Մարտի մեկի գործով Հայկ Հարությունյանն ուներ այն նույն դերակատարությունը, ինչ որ, ասենք, Միքայել Հարությունյանը, մյուս պաշտոնյաները: Հայկ Հարությունյանով են սկսվել Մարտի 1-ի առավոտվա գործողությունները, և նրա կառույցում են իբր օպերատիվ տեղեկություններ ձեռք բերվել, թե հանրահավաքի մասնակիցների մոտ զենք կա, և այդ օպերատիվ միջոցառման հիմքով է, որ հանրահավաքը ցրելու գործընթացը սկսվել է: Հետևաբար կառույցի առաջին դեմքը, ով նաև Մարտի 1-ի հանձնաժողովում ընդունել է, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր այս միջոցառումից, և որևէ մեկը չի էլ կարող կասկածի տակ դնել, որ տեղյակ էր, բնականաբար այսօր պատասխանատվության ենթարկվելու խնդիր ուներ, հետևապես կարող էր այսպիսի անցանկալի հետևանքներ լինել: Նա մեծ ինֆորմացիայի կրողներից մեկն է եղել, և այդ ինֆորմացիայի հետ կապված ես վստահ եմ, որ ինչպես շատերն են ցանկացել ՀՔԾ-ում սահմանափակ տեղեկություններ տրամադրել, ընդամենը բավարարվել են «հա» ու «չէ»-ով պատասխանել քննիչի առաջադրած հարցերին և ամբողջական չներկայացնել՝ ինչ է կատարվել Մարտի 1-ին, հավանաբար նույն սցենարով էլ Հայկ Հարությունյանն է որոշել փաստական տեղեկություններ չտրամադրել: Ես չգիտեմ՝ Հայկ Հարությունյանի հետ ինչ է պատահել ներկա պահին, ես մի բան հաստատ գիտեմ, որ իրենք պատրաստ չեն նստել և իրենց արարքի համար պատասխանատվություն կրել:

– Ի՞նչ ցուցմունքներ կան:

– Բավարար ապացույցներ կային այն մասով, որ այնպիսի տեղեկություններ, որոնք իբր հիմք են հանդիսացել Մարտի 1-ի առավոտվա համար, իրականում չեն եղել, ավելին ասեմ, հետագայում, երբ ես ոստիկանապետին դատի եմ տվել ոստիկանության գործողությունների համաչափությունը գնահատելու համար, դա Մուշեղ Սաղաթելյանի գործով էր, այդ ժամանակ Հայկ Հարությունյանի ներկայացուցիչը որևէ փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացրել, որ երբ օպերատիվ տվյալներ են ունեցել և միջոցառում են սկսել, այդ միջոցառումը եղել է օրինական միջոցառում՝ տեղանքի զննություն անունը կրող, ինչպես իրենք բնորոշում էին:

Այս տեսանկյունից հասկանալի է, որ Հայկ Հարությունյանին այս կարգի հարցեր պիտի ուղղվեին, այնինչ քրեական գործով բազմաթիվ պաշտոնյաներ են քննվել, ոստիկանության բազմաթիվ աշխատողներ են հարցաքննվել, որոնց առաջ դրվել են զեկուցագրեր, որոնք իբր իրենք են գրել, բայց հետո արդեն աբողջ հարցաքննության ընթացքում նրանք խոստովանել են, որ այդ զեկուցագրերը գրվել են հետին թվով, նաև ում նախաձեռնությամբ, ինչը ևս խնդիրների առաջ կարող էր կանգնեցնել Հայկ Հարությունյանին: Թեև հետագայում այդ զեկուցագրերը գրվել են նաև Ալիկ Սարգսյանի աշխատած տարիներին, սակայն դա խոսում է նաև հակառակի մասին, որ իրենք Մարտի մեկի առավոտվա տեղեկությունները, թե իբր ցուցարարները եղել են զինված, հորինված են եղել, և բնականաբար ձեռնտու չէր Հայկ Հարությունյանին գալ և ասել՝ տեղեկություն չունեի, բայց հանրապետության նախագահի հետ կամ պաշտոնյաների հետ որոշել ենք հանրահավաքը ցրել, և իմ դերն էլ այստեղ սա էր:

Մանրամասները՝ այստեղ