Շատ հավանական եմ համարում, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առաջիկայում՝ համապատասխան ժամանակին, որովհետև այն ծառայում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին։ Այս մասին ադրբեջանական APA-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Նա նշել է, թե «եթե միջազգային և տարածաշրջանային մակարդակով ինտեգրման գործընթացն արագանա, ապա Միջին միջանցքի շրջանակում Չինաստանից մինչև Լոնդոն ձգվող ցամաքային և երկաթուղային երթուղիների, ինչպես նաև կարևոր նավթագազային խողովակաշարերի համար ավելի արագ և կարճ երթուղին հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացման շնորհիվ»։ Դեսպանն ասել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է դիտարկել ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլև Հյուսիս-Հարավ տեսանկյունից։ «Չնայած ժամանակ առ ժամանակ դեռևս որոշակի քննարկումներ են ընթանում, ես հավատում եմ, որ, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը տեղի կունենա առաջիկա 1-2 տարվա ընթացքում:
Հատկապես Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման և Արևելք-Արևմուտք ուղղությամբ առևտրի ծավալների ավելացման առումով, ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Բայց որպես դիվանագետ՝ չեմ կարող նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ճշգրիտ ամսաթիվը, որովհետև դա ոչ ոք չգիտի՝ սա խաղ է բազմաթիվ մասնակիցներով։ Նախևառաջ, որպես երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի դեսպանը։ Նա հայտարարել է, թե «որպես պատերազմի հաղթող՝ Ադրբեջանն իրավացիորեն հայտարարում է այս միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020 թվականի համաձայնագրով»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















