«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, նախընտրական քարոզարշավի 14-րդ օրն է, քաղաքական ուժերն ակտիվ հանդիպումների մեջ են մարդկանց հետ, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի բովանդակությունն ու ընթացքը:
– Ոչ մի անսպասելի բան չկա, սպասելի է, որ գնալով կրքերը թեժանալու են, սպասելի է, որ նախընտրական հռետորաբանությունը «համբալի» սահմաններում է լինելու բոլոր կողմերից: Սպասելի է, որովհետև Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում այդպես էլ քաղաքական մշակույթ, հետևապես քաղաքական դաշտ չի ձևավորվել, հետևաբար այլ մակարդակ մենք չենք կարող սպասել:
Ես ընդհանրապես որևէ ձևով զարմացած չեմ ընդդիմության պահվածքից՝ այն, ինչ կոչվում է ռուսամետ ուժեր կամ եռագլուխ, բայց ես զարմացած եմ իշխանության պահվածքից, որովհետև վարչապետը առնվազն պետք է բարձր լիներ այդ ամենից, համենայնդեպս, հռետորաբանության մակարդակով պետության գլուխն իրավունք չունի օգտագործել այսպիսի բառապաշար:
Ես նաև հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն իրեն այսպես պահում, մեր հիմնական այսպես կոչված ընտրազանգվածը ծափահարում է «համբալներին», նկատի ունեմ նմանատիպ հռետորաբանությանը, իսկ այնպիսի մարդիկ, որոնք գնալու են ընտրության ու չեն ողջունում նման հռետորաբանությունը, նրանք, ցավոք սրտի, մեծամասնություն չեն, ու ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում նաև՝ ՔՊ-ն, ձգտում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևապես օգտագործում է այդ հռետորաբանությունը, այսինքն՝ այստեղ քաղաքական հաշվարկ է գործում: Ու սա լավ չի խոսում ո՛չ մեր քաղաքական ուժերի, ո՛չ էլ ընտրողների մասին, այսինքն՝ մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք: Ինչքան մոտենանք հունիսի 7-ին, այնքան կրքերը թեժանալու են, մենք դեռ շատ բացահայտումներ ենք լսելու, օրինակ՝ The Insider-ի բացահայտումը, ի դեպ, դա էլ զարմանալի չէր ինձ համար, և այսպիսի բացահայտումները երկկողմանի են լինելու:
– Իսկ այդ բացահայտումներն արժանահավատ համարո՞ւմ եք, որովհետև կան շրջանակներ, որոնք այնքան էլ արժանահավատ չեն համարում նմանատիպ տեղեկությունները:
– Այդ բոլոր բացահայտումները միանշանակ տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք դրանք միանշանակ որակել կեղծ կամ ճշմարիտ: Ես առնվազն վստահ եմ, որ Սամվել ու Նարեկ Կարապետյանները Ռուսաստանի քաղաքացի են, Նարեկ Կարապետյանը առնվազն եղել է, գուցե հիմա՝ չէ, չեմ կարող ասել: Մնացած մասով, նորից եմ ասում, զարմացած չեմ:
– Պարո՛ն Ստեփանյան, գալիք ընտրությունները որակում եք «բողոքի ընտրություն», ինչպես 2021-ինը: Ի՞նչ ասել է «բողոքի ընտրություն»:
– Քաղաքական բողոքի քվեարկությունը լինելու է հետևյալ կերպ. պայմանական ընտրողը, որը դեմ է գործող իշխանությանը, գնալու է ու իբրև բողոքի նշան քվեարկելու է Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի օգտին, և հակառակը՝ ընտրողը, որը դեմ է Հայաստանի ռուսականացմանն ու հպատակեցմանը, գնալու է ու քվեարկելու է դեմ այդ բոլոր պրոռուսական ուժերին ու քվեարկելու է կողմ ՔՊ-ին: Ես ընդամենը սա նկատի ունեմ, ես չեմ կարծում, որ «բոլորին դեմ եմ»-ը այստեղ աշխատելու է, սա այդ դեպքը չէ:
Մենք, ցավոք, չենք հասել այնպիսի ժողովրդավարական մակարդակի, որ մարդիկ գնան ու դասական իմաստով քվեարկեն բոլոր քաղաքական ուժերին դեմ: Ընտրությունը սա է լինելու, ու սա շատ վատ է: Այսինքն՝ մարդիկ գնում ու ընտրում են ՔՊ-ին ոչ թե նրա համար, որ իրենք շատ լավն են, որովհետև ունեն լավ ծրագիր, ու նրանց տեսլականն ընդունելի է, այլ՝ հիմնականում այն պատճառով, որ վախենում են, թե Քոչարյանը կարող է վերադառնալ ու դառնալ իշխանություն՝ սրանից բխող բոլոր բացասական հետևանքներով ու հակառակը:
Սա խոսում է այն մասին, որ մենք չունենք զարգացած քաղաքական մշակույթ, քաղաքական դաշտ, ու մեր ընտրությունը երկու ծայրահեղ տարբեր բևեռների միջև է, ու մենք չենք ընտրում այդ բևեռները, որ նրանք մեզ առաջարկում են ինչ-որ նոր գաղափար, այլ ընտրում ենք, որովհետև վախենում ենք, որ այն մյուսը կգա:
– Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական մշակույթը, դաշտը այդպես էլ չի ձևավորվում Հայաստանում:
– Շատ հետաքրքիր հարց եք տալիս, պատճառները շատ են, բայց ես փորձեմ ընդհանրացնել: Սերժ Սարգսյանը փեսա Միշիկի միջոցով ու օգնությամբ շատ փայլուն ու գրագետ ձևով, ժամանակին ոչնչացրել է Հայաստանում քաղաքական դաշտն ու քաղաքական միտքը: Ում հետ կարողացել է պայմանավորվել՝ պայմանավորվել է, ոմանց կաշառել է, ոմանց՝ վախեցրել, ում չի ստացվել գնել, բանտարկել է, ու այդ ամենը բերել է քաղաքական դաշտի ամայացման: Մեզ մոտ քաղաքական դաշտը չի կայանում այդ պատճառով:
Երկրորդը՝ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գրեթե մեկ քայլ չեն արել, որպեսզի այդ քաղաքական դաշտը վերականգնվի, ու այն կոստյումը, որ հագել է Նիկոլ Փաշինյանը ու իրեն շատ հարմար է զգում դրանով, դրա վառ վկայությունն է: Եթե այդպես չլիներ, ապա հենց 18-ին և՛ Սահմանադրությունը կփոխեինք, և՛ օրենսդրությունը, ամենակարևոըը՝ ՔՊ-ն քաղաքական գնահատական կտար այդ բոլոր նախկիններին, որոնց դեմ իրենք այսօր այդքան հետևողականորեն պայքարում են, ու այսօր նրանց փոխարեն արդեն կլինեին այլ քաղաքական ուժեր, որոնք իրական այլընտրանք կլինեին ՔՊ-ին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















