Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները. Fip.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին CivilNet-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի աճին, հայտարարել էր, որ նրանց թիվը Հայաստանում 100-ից 150 հազար է։

«Ես ճշգրիտ թվեր չունեմ, բայց խոսքը գնում է 100-ից 150 հազար մարդու մասին»,- նշել էր  Քերոբյանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե այս տարվա առաջին 9 ամսում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քանի քաղաքացի է ժամանել և հաստատվել Հայաստանում, և ընդհանրապես՝ ինչ տնտեսական ազդեցություն են ունեցել  Հայաստան տեղափոխված այս ռելոկանտները մեր երկրի վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան կտրուկ մեծացել է։ Իսկ սեպտեմբերի 21-ից՝ ՌԴ նախագահի կողմից մասնակի մոբիլիզացիայի մասին որոշման ստորագրումից հետո, սկսվել է ռուսաստանցիների երկրորդ հոսքը Հայաստան։ 

Միգրացիոն ծառայության տվյալները

Ըստ Միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների՝ 2022 թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է մուտք գործել 786,684 ՌԴ քաղաքացի, մեկնել՝ 744,508-ը։ Մուտքի և ելքի տարբերությունը կազմել է 42,176, այսինքն՝ այդքան ՌԴ քաղաքացի դեռևս շարունակում է մնալ մեր երկրում։

Նույն ժամանակաշրջանում Բելառուսից Հայաստան է ժամանել 17,138 և մեկնել է 16,780 քաղաքացի, տարբերությունը՝ 358։

Ուկրաինայից Հայաստան է եկել 21,311 քաղաքացի և մեկնել է 21,117 քաղաքացի։ Այսինքն, երկրում մնացել է 197 Ուկրաինայի քաղաքացի։

Ըստ այդմ՝ տարեսկզբից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատված ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների թիվն ընդհանուր կազմում է 42,731 հոգի։  

Այդուհանդերձ, նախարար Քերոբյանի հայտարարած նույնիսկ ոչ ճշգրիտ թիվը, որի տարբերությունը 50,000 է, բավական ուռճացված է։

3513 ՌԴ քաղաքացի գրանցել է ԱՁ, 865 ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ ՍՊԸ

Քերոբյանը հարցազրույցի ժամանակ անդրադառնում է նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված ԱՁ-ների և ՍՊԸ-ների քանակին։ 

«Մենք գիտենք, որ մի քանի հազար անհատ ձեռներեց և ընկերություն հիմնվել են, ճշգրիտ թիվը հիմա չեմ կարող ասել, բայց ավելի քան 2000-ի մասին է խոսքը»,- ասել է նա։

Ի պատասխան FIP.am-ի հարցման, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2022 թ․ փետրվարից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ պետական հաշվառում է ստացել 3513 անհատ ձեռնարկատեր և պետական գրանցում է ստացել 865 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ 

Բելառուսի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում հաշվառվել է 92 ԱՁ և 79 ՍՊԸ, Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ՝ 43 ԱՁ և 50 ՍՊԸ։ Հարցին, թե տնտեսական գործունեության ո՞ր ոլորտում են հիմնականում գրանցվել, ԱՆ-ից նման տվյալներ չտրամադրեցին, մինչդեռ ըստ նախարար Քերոբյանի՝ դրանց գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ընկերություններ են։

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների ռեկորդային աճ 

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ փետրվար ամսվա վերջին օրվա համեմատությամբ ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների քանակը աճել է 68,664-ով:

Ռուսաստանից Հայաստան կտրուկ աճել են նաև դրամական փոխանցումները։ Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների, երբ Ռուսաստանի դեմ կիրառվեցին աննախադեպ ծավալի պատժամիջոցներ, 2022 թ․ մարտ ամսին փետրվարի համեմատ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 180 մլն դոլարից դարձավ շուրջ 253 մլն դոլար։ Մայիս-օգոստոս ամիսներին փոխանցումները հասան ռեկորդային ծավալների՝ համապատասխանաբար, 412, 598, 568 և 473 մլն դոլար։ 

Միայն ՌԴ-ից հունիս ամսին Հայաստան է փոխանցվել 452 մլն դոլար, հուլիսին՝ 442․5 մլն, օգոստոսին՝ 327․5 մլն դոլար։ 

Նշենք, որ նույն ժամանակահատվածում արտահոսքի ցուցանիշները ևս փոքր չեն եղել. հունիս ամսին Հայաստանից արտերկիր է ուղարկվել 231 մլն, հուլիսին՝ 432 մլն, օգոստոսին՝ 181 մլն դոլար։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Քերոբյանի հայտարարած թվերը, թե Հայաստան է տեղափոխվել 100-ից 150,000 ՌԴ քաղաքացի, ճիշտ չեն, քանի որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ թիվը կազմում է 42,176։ Ինչ վերաբերում է ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում տնտեսության ակտիվությանը, ապա այն բավական նկատելի է թեկուզ միայն Ռուսաստանից ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների աճի տեսանկյունից։

Նելլի Լազարյան

Fip.am