Չգիտեմ՝ ինչ նպատակով է տեղադրվել ադրբեջանական ոստիկանական կետը, բայց հետևությունները լավ տեղ չեն տանում․ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար

«Այո՛, այդ կետը տեղադրված է հայ-ադրբեջանական սահմանին՝ ռուս խաղաղապահներից մոտավորապես 70 մետր հեռավորության վրա։ Այս պահին չեմ կարող ասել, թե ադրբեջանական կողմը դա ինչ նպատակով է տեղադրել»,-«Մեդիալաբի» հետ զրույցում համացանցում տարածված լուրերը, ըստ որոնց, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետ է տեղադրվել, հաստատեց Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Կարեն Քոչարյանը։

Փոխքաղաքապետն այս ամենից լավ բան չի սպասում՝ հիմնավորելով, որ եթե ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել այնտեղ, որտեղ չկա թուրք բնակչություն, ապա դրանից արվող հետևությունները լավ տեղ, ըստ նրա, չեն տանում։

«Չի բացառվում, որ վաղը մեր մեքենաները կանգնեցնեն ու ստուգեն, կրկին ճանապարհը փակեն, ու, ինչպես անցած անգամ, այս անգամ էլ երեք գյուղ մնա շրջափակման մեջ։ Ես որևէ լավ բան չեմ տեսնում»,- ասում է Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Գորիս-Կապան գնացող ճանապարհի 11-րդ կիլոմետրին՝ Որոտան գյուղի սահմանին տեղադրված այդ ոստիկանական կետում տեղակայված ադրբեջանցիները կարող են ստուգել Գորիսից Կապան գնացող հայկական մեքենաները։

Հարցին, եթե ճանապարհի այդ հատվածում տեղակայված են ռուս սահմանապահները, ի՞նչ իրավունքով ու ինչպե՞ս են ադրբեջանցիները կարողացել ոստիկանական կետ տեղադրել, Գորիսի փոխքաղաքապետը հետևյալ հարցադրմամբ է պատասխանում։

«Բայց մինչև հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, հակառակորդը մեզ հարցնո՞ւմ է՝ ինչ իրավունք ունի կամ չունի։ Մեր կողմից ինչ-որ արձագանք լինո՞ւմ է՝ իրավունք ունի, թե չէ, եթե այդ հարցին պատասխանեք՝ ես էլ կպատասխանեմ»,- ասում է Կարեն Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ օգոստոսի 25-ին, երբ ադրբեջանցիները փակեցին ճանապարհը այդ տնակը տեղադրել են ճանապարհից մի փոքր հեռու, իսկ երկու օր առաջ էլ տեղափոխել են հայ-ադրբեջանական սահմանին՝ այն բետոնե արգելապատնեշների մոտ, որոնք տեղադրել էին ճանապարհը բացելուց հետո։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երկու օր Գորիս-Կապան ճանապարհը փակ պահելուց հետո՝ օգոստոսի 27-ին, բացեց այն, և վերականգնվեց Մ2 միջպետական Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը։ Ադրբեջանցիները Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրել էին բետոնե թափարգելներ՝ երթևեկության արագությունը դանդաղեցնելու նպատակով, իսկ ճանապարհի այդ հատվածի վերահսկողությունը վստահվեց ռուս սահմանապահներին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am