«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին». ըստ մասնագետների՝ իրար հակասող քաղաքական կարգախոսները չեն նպաստում ընտրազանգվածի կողմնորոշմանը

«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին». ըստ մասնագետների՝ իրար հակասող քաղաքական կարգախոսները չեն նպաստում ընտրազանգվածի կողմնորոշմանը
«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին». ըստ մասնագետների՝ իրար հակասող քաղաքական կարգախոսները չեն նպաստում ընտրազանգվածի կողմնորոշմանը

«ՀավատաՑՐԻՆ ու ՓՈՂեցին»` օրերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրել էր Երևանի բնակիչ Մեսրոպ Հարությունյանը` նախընտրական քարոզարշավի անցած մեկ շաբաթում հեռուստացույցից ու բարձրախոսներից մարդկանց տները ներխուժող կարգախոսների ու խոստումների բառախաղ անելով:
«Նրանց խոստումները որ լսես, պիտի կարծես, թե ընտրություններից հետո Հայաստանը դրախտ է դառնալու,- ասում է Երևանի մեկ այլ բնակիչ, թոշակառու Անահիտ Հարությունյանը: – Բոլորը մի բան են ասում` հավատացե´ք, բայց իրականում, հավատանք-չհավատանք, բան էլ չի փոխվելու»:
Ըստ փորձագետների` նոր խորհրդարանի տեղերի համար պայքարում 9 քաղաքական ուժերից առաջնային խաղացողները երեքն են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

Ու եթե հասարակ մարդկանց մեծ մասը զգայական մակարդակով, իրենց սոցիալ-տնտեսական պայմանները տեսնելով` արժանահատ չեն համարում քաղաքական 9 ուժերի կարգախոսներն ու խոստումները և անթաքույց միանվագ ֆինանսական ակնկալիքներ են արտահայտում, ապա փորձագետները մեկնաբանում են այդ կարգախոսների հնարավոր ազդեցությունը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Մեդիալաբին» ասում է, որ քաղաքական ուժերի կարգախոսների մի մասն ուղղված է ապագայի սպասելիքներին, մյուս մասը պահպանողական է կամ իրար հակասող.

«Հանրապետականի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն ապագային է ուղղված, քանի որ եթե դիտարկենք 2007-ից, ապա կտեսնենք, որ իշխող կուսակցությունը ոչ մի հաջողության ոչ մի բնագավառում չի հասել, որպեսզի այժմ քարոզարշավին որպես հաշվետվություն ներկայացնի: Իսկ քարոզարշավը նպատակ ունի, բացի ունեցած ընտրազանգվածը պահելուց, լրացուցիչ ձայներ էլ բերել այն տատանվող ընտրազանգվածից, որը չի կողմնորոշվում, թե ում ձայնը տա»:

Քաղաքագետի բնորոշմամբ` ՀՀԿ կարգախոսն ու քարոզարշավն ինքնին կարող է միայն իրենց ունեցած ընտրազանգվածին պահել, իսկ, օրինակ, ԲՀԿ-ի դեպքում կարգախոսը կարող է նաև նոր ձայներ հավաքել:

«ԲՀԿ «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսը նույնպես ապագային ուղղված ակնկալիք է: ԲՀԿ-ն իր քարոզարշավում ունի էներգետիկա, բայց դա քաղաքական էներգետիկա չէ, դա նրանց թույլ կողմն է, այս ուժը քաղաքական դիմանկար չունի: Նա [Գագիկ Ծառուկյանը] ասում է` ինձ տվեք ձեր ձայնը և հզոր է ասում, բայց ցույց չի տալիս, թե ինչու, չնայած այդ խոսքերն արդյունավետ են նյութական շահագրգռություն ունեցող ընտրողների դեպքում»,- պարզաբանում է Բադալյանը:

ՀԱԿ-ի «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը շարունակությունն է նախորդ` 2008-ի ընտրություններից ծավալվող պայքարի, որտեղ հանցավոր ռեժիմ ասելով` նկատի ունեն ՀՀԿ-ին: Այստեղ է, սակայն, ըստ փորձագետի, նրանց կարգախոսի թուլությունը:

«Նա [Լևոն Տեր-Պետրոսյանը] ասում է` ձայն մի´ տվեք ՀՀԿ-ին, բայց չի ասում` ձայն տվեք ինձ: Նա չի բերում համեմատություն: Իսկ քաղաքական ուժը պետք է իր համար պայքարի: Նա պետք է ոչ միայն ցույց տա, որ սա վատն է, այլև պետք է ցույց տա, որ ինքն է լավը: Եթե ՀԱԿ-ը չփոխի իր քարոզարշավի ստրատեգիան, ապա հաջողություն չի ունենա, առավել ևս որ իր ռեսուրսներով ու ազդեցությամբ զիջում է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին»,- նշում է Բադալյանը:

Ապագա խորհրդարանում հայտնվելու ավելի պակաս հնարավորություն ունեցող մյուս կուսակցությունների կարգախոսներն ավելի դասական-պահպանողական են ու շատ բան չեն խոստանում, ինչպես, օրինակ, Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կամ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան» կարգախոսները:

ՕԵԿ-ը, ըստ Բադալյանի, շարունակում է 2007-ի քարոզարշավը. «2008-ից առաջ, քանի դեռ նա չէր դավաճանել իր ընտրազանգվածին, ուներ հավատ այդ նույն ընտրազանգվածի կողմից, իսկ հիմա չունի, ինչը ցույց տվեց նրա վերջին հանրահավաքը, երբ մարդիկ Ազատության հրապարակում Արթուր Բաղդասարյանի նկարները նետեցին գետնին կամ աղբամանի մեջ»:

Միևնույն ժամանակ, ՀՅԴ-ն, Բադալյանի մեկնաբանությամբ, երկու խնդիր ունի` ծրագրի գերագնահատումն ու հասարակության արժեհամակարգի փոփոխումը.

«Ծովից ծով Հայաստան ցանկացող ընտրազանգվածը գնալով քչանում է, մանավանդ որ տարեկան մեր երկրի բնակչության մոտ 70.000-ը գնում են Անթալիա հանգստանալու: Ստամբուլը արյան ծովի վերածելու գաղափարները այժմ չեն անցնում»:

Բադալյանը հավելում է` 2007-ից ՀՅԴ վարկանիշն աստիճանաբար իջնում է, ինչը ապացուցվել է թե´ խորհրդարանական, թե´ նախագահական, թե´ Երևանի ավագանու ընտրություններին:

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքի «Գալիս ենք» կարգախոսի մեջ Բադալյանը երկու գաղափարների հակասություն է տեսնում:

«Մի կողմից քարոզվում է հակաթուրքականությունը, որ տեր կանգնենք մեր հայրենիքին, մեր ժառանգությանը, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց մյուս կողմից` ինտեգրվենք Եվրոպային՝ լավ հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ: Այս երկուսը հակասության մեջ են մտնում իրար հետ ու, ի վերջո, իրար դեմ են աշխատելու»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am