Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել, մի քանի տարի առաջ եղել էին այլ երկրներից բերված հատուկենտ դեպքեր, որոնք կատարված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ տարածում չէին ստացել այստեղ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա պետք է բոլորի համար ահազանգ լինի կարմրուկի դեմ պայքարի ուժգնացման։
Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար հանդիսանում են երեխաները, որոնց մոտ կարող է զարգանալ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում և այտուց), ինչը կարող է բերել ընդհուպ մինչև մահվան։
Կարմրուկի կանխարգելման ըստ էության միակ միջոցը պատվաստումն է։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: