«Պետական կառավարման մեջ իրապես ունակ մարդիկ են պետք, ովքեր հասկանում են ինչ է պետությունը, որոնք են պետական շահերը, ինչ խնդիրներ կան ու ինչպես լուծել դրանք»․ Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մարդիկ հակված են միշտ լավատես լինել։ Դրա հետ մեկտեղ հայ ժողովրդի մեջ սերմանվող անզորության զգացումը օտարասիրության պարարտ հող է ապահովում։

Բայց մենք այն իրավիճակում ենք, որ շատերի աչքի քողը պետք է քաշել մի կողմ, որպեսզի իրենց անզորությամբ չխանգարեն ունակ մարդկանց գործ անել։ 2020 թվականից նաեւ Հարավային Կովկասն ընդգրկվեց տեւական անկայունության հորձանուտ։ Խնդրում եմ մարդիկ ավելի լուրջ վերաբերեն այդ ամենին ու ամանորյա լավատեսական կենացներից զատ իրենց պատասխանատու համարեն երկրում իրավիճակի շտկման համար։

Վաղուց իմ փորձով գիտեմ, որ երբ մարդկանց ճշմարտությունն ես ներկայացնում, նրանք իրենց մեջ բուն դրած անզորությունից դրդված սկսում են փախչել խնդիրներից։ Հիմա երբ ասում եմ, որ մենք մտել ենք անկայունության փուլ եւ պատերազմները, ռազմական սադրանքները, ահաբեկչությունը, դիվերսիաները, սովը, հումանիտար այլ աղետներն այնքանով մեզ կանհանգստացնեն, որքանով մենք կլինենք անկազմակերպ, գիտեմ, որ դա շատերին կգցի մյուս ծայրահեղության մեջ ու արտագաղթի դիմելու կամ այլ կերպ խնդիրներից ձերբազատվելու պատճառ կդառնա։

Այդպիսին են մարդիկ, անզորությունն այնքան խորն է, որ ոչ թե գնում են իրենց անհանգստացնող խնդիրները լուծելու ճանապարհով, այլ փախչում են իրականությունից։

Մի օրինակ բերեմ․ նախորդ տասնամյակում գրեթե բոլոր քաղաքական ակտիվ մարդկանց ում ներկայացրել եմ, թե որքան խորն է մեր երկրի կախումը ռուսական հատուկ ծառայություններից, նրանք կամ դարձել են ավելի ռուսամետ, կամ մյուս ծայրահեղության մեջ են ընկել՝ դարձել են արեւմտամետ։ Իսկ ինձ թվում էր, որ ճշմարտությունն ասելով՝ ես իրենց սուբյեկտայնության ու զորության մակարդակի բարձրացմանը կհասնեմ՝ պատվի հարց է ի վերջո։

Բայց, միեւնույնն է, միակ ճանապարհը ճշմարտությունն ասելն է, որքան էլ մարդիկ ստոկհոլմյան սինդրոմի տակ ընկնեն, կամ սկսեն այլ տիրոջ փնտրել ու գտնել։Իսկ մերօրյա ճշմարտությունն այն է, որ Ալիեւը ակամայից՝ սեփական աթոռը պահելու կենսական պահանջից դրդված, Հարավային Կովկասում անկայունության շարժիչն է դարձել ու հետադարձ ճանապարհ այլեւս չունի։ Հայաստանի ու հայության նկատմամբ թուրքական պահանջներն այլեւս չեն դադարելու, քանի մեր կամքի ուժով դրա դեմը չառնենք։

Պետք է ընդունենք, որ երեք տասնամյակ հայոց քաղաքական կյանքում խոր արմատներ ձգած լեւոնիզմը՝ սեփական իրավունքները հանուն խաղաղության զիջելու գաղափարախոսությունը, ի վերջո հաղթանակեց ու ազգային աղետի վերածվեց։ Ներկա վարչապետին, այդ գաղափարախոսության նորօրյա վկային, թվում էր եւ հիմա էլ թվում է, որ հնարավոր էր Արցախի խնդրից ձերբազատվելու միջոցով խաղաղ ու զարգացած Հայաստանի Հանրապետություն կառուցել։

Այսօր էլ ներկա վարչապետին թվում է, որ Շուռնուխի, Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրներում զիջելով հնարավոր է վերջնական խաղաղության հասնել թշնամու հետ։

Սա աշխարհայացքային ու գաղափարական տգիտություն է, քանի որ թուրքերը երբեք կանգ չեն առնելու, երբե՛ք։ Կրեմլն էլ կանգ չի առնելու, նրա համար Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման իրավական հիմքերն ավելի կարեւոր են, քան Հայաստանի սահմանային վիճելի այս կամ այն տարածքները։

Շուռնուխի ու առաջիկայում այլ տարածքների շուրջ ի հայտ եկող նոր պահանջների թուրքական ախորժակը բավարարելու հաշվին կլուծվի Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ համաձայնությունը Ստեփանակերտի օդանավակայանի ռուսական օգտագործման շուրջ։

Իսկ մենք կշարունակենք մեր փրկությունը տեսնել կամ ռուսի կամ այլ օտար ուժի միջոցով, քանզի իրական իրավատեր քաղաքացին չկա մեզանում։ Քաղաքական գրեթե բոլոր միավորների մտքում ռուսների հետ ներկաների վատ հարաբերվելու ու իրենց լավ հարաբերվելու համոզմունքն է ընկած։

Նույն համոզմունքն էր Քաղաքացիական պայմանագրի ու անձամբ Նիկոլի ուղեղում, երբ նա քննադատում էր Սերժի վարած քաղաքականությունը՝ հավատացնելով, թե իրենք կկարողանան Կրեմլի հետ առավել նպաստավոր պայմանավորվածությունների հասնել։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է նույն բանն ասում, 17 կուսակցությունների միավորումը, շատ այլ կուսակցություններ։

Իսկ մենք լավի ու վատի չափանիշներով չպետք է շարժվենք։ Կան պետական շահեր, խնդիրներ, որոնք ձեւակերպման ու կենսագործման պետք է արժանանան։ Առանց ատամ ցույց տալու, առանց սեփական կամքը պարտադրելու չի կարող լինել որեւէ հաջողություն։ Իսկ դրա համար մենք արմատապես պետք է մեր մեջ ոչնչացնենք լեւոնիզմի գաղափարախոսությունը՝ մեր անզորության սնուցող մարմինը։

Դրա համար պետական կառավարման մեջ իրապես ունակ ու գաղափարական մարդիկ են պետք, ովքեր հասկանում են ինչ է պետությունը, որոնք են պետական շահերը, ինչ խնդիրներ կան ու ինչպես լուծել դրանք։ Որքան շուտ գործարկվի պետական կառավարման համակարգը, այնքան շուտ մենք կկարողանանք իրավիճակի վրա ազդելու մեր կամքը թելադրել»։