Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, նա Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի. Ոստիկանության

Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, նա Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի. Ոստիկանության
Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, նա Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի. Ոստիկանության

Երեկ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որն ներկայացնում ենք ստորեւ:
«2012 թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:
Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:

Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Բացի այդ, 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Աճառյան փողոցի երթևեկելի մասը՝ շուրջ տասը րոպե նստելով և պառկելով ճանապարհի լայնությամբ: Նշված վայրում գտնվող ոստիկանության ուժերը փողոցի բանուկ մասից դուրս են հանել տրանսպորտի երթևեկությունը փակած անձանց:

Վերոգրյալ իրադարձությունների կապակցությամբ արվել են մի շարք հայտարարություններ, որոնցում ոստիկանության գործողությունները գնահատվել են որպես անօրինական, ներառյալ՝ բռնություն պարունակող: Ուստի, այդ հայտարարություններում տեղ գտած փաստերը և դրանց տրված գնահատականները ստուգելու, ինչպես նաև նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով պատշաճ ընթացակարգի շրջանակներում կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն:

Միաժամանակ 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ միջադեպի այլ մասնակիցների վարքագծին կամ նրանց առանձին գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, «Հարսնաքար» ռեստորանի մոտ նախատեսված մոմավառությունն բողոքի ակցիան ի հիշատակ հունիսի 29-ին դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի Յոթնօրեքի չի կայացել:

Ոստիկանները շրջապատել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիրը՝ թույլ չտալով բողոքի մասնակիցներին մոտենալ շենքին: Ռեստորանի սեփականատեր, դեռեւս իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անձամբ էր խոչընդոտել Հելսինկյան ասոցիասիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին՝ բռնություն կիրառելով նրա նկատմամբ:

Իրավապաշտպանի եւ Հայրապետյանի միջադեպին այսօրվա իր հայտարարությունում անդրադարձել է նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտելով իրավապաշտպանի հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունը,հայտարարությամբ իր դիրքորոշումն էր արտահայտել՝ առաջ քաշելով Հայրապետյանի քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Ավելի ուշ, ըստ մամուլի հաղորդագրությունների, Հայրապետյանը ներողություն էր խնդրել Վեզիրյանից, ասելով, թե իր գործողությունները բխել են  «ներվային վիճակից»:

© Medialab.am