ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պրն. Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է Պատելը:

Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ:

Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր: