Ինչո՞ւ են ցիտրուսային մրգերի գները թռիչքային աճել. ՏՄՊՊՀ-ն չի բացառում միջնորդների դերը թանկացումներում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օրերս ուսումնասիրություն էր իրականացրել իմբիրի ապրանքային շուկայում՝ պարզելու՝ ինչո՞ւ է վերջին շրջանում աստղաբաշխական գնաճ գրանցվել։

Այսօր հրապարակվել են ուսումնասիրության ընթացիկ արդյունքները: «Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան»,- ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Սակայն, կոճապղպեղից բացի, տարբեր ապրանքների գները եւս փոփոխությունների են ենթարկվել: Օրինակ, ցիտրուսային մրգերի գներն աճել են 2-3 անգամ:

Ապրանքային շուկաներում իրավիճակի մասին «Մեդիալաբը» զրուցել է ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանի հետ։

– Պարո՛ն Կարապետյան, խնդրում եմ ներկայացրեք՝ ի՛նչ իրավիճակ է առանձին ապրանքատեսակների շուկայում։ Կա՞ գնաճ, և արդյոք ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ուսումնասիրություններ։

– Հանձնաժողովն այս օրերին խոշոր խանութների ցանցերում ամենօրյա կտրվածքով իրականացնում է գների մոնիթորինգ։ Ամեն օր մշտադիտարկում ենք ավելի քան 40 ապրանքատեսակի գին: Եթե լինում է գների բարձրացում, ապա գնում ենք դրա հետևից ու փորձում հասկանալ՝ ինչո՛ւ է թանկացել։ 

Թանկացում ունենք մի շարք ապրանքատեսակներում, այդ թվում՝ ցիտրուսային։ Ցիտրուսային մրգերը ներմուծվող ապրանքներ են։ Դրանց գինը փոխվելուց հետո դիմել ենք Պետական եկամուտների կոմիտե և ստացել տեղեկատվություն ներմուծող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ։ Հիմա նույնիսկ որոշակի վերլուծություն ունենք։

– Կներկայացնե՞ք։

– Մենք առաջիկայում կհրապարակենք 2019 և 2020 թվականների ներմուծող տնտեսավարող սուբյեկտների քանակի, ներմուծման ծավալի ու գների վերաբերյալ մանրամասն վերլուծություն։ 

Այս պահին կարող եմ ասել, որ, օրինակ՝ բանան ներմուծող սուբյեկտները 15-ն են, կիվին՝ 25, նարինջը՝ 14, կիտրոնը՝ 21, մանդարինը՝ 40։ 

Նրանք բոլորը խոշոր ներմուծողներ են ու մեծ խմբաքանակներով են ներմուծումն իրականացնում։ Դա նշանակում է, որ շուկաները մրցակցային են։ 

Այնուամենայնիվ, քանի որ մրգերի իրացման գործընթացը որոշ առանձնահատկություններ ունի, շատ դեպքերում սուպերմարկետները միանգամից ներմուծողներից չեն գնում, հնարավոր է միջնորդների առկայություն, որոնք էլ կարող է դերակատարում ունեցած լինեն։

Հանձնաժողովը փորձելու է նաև շղթան պարզել՝ ինչպես է ապրանքը տեղ հասել, և արդյոք հնարավո՞ր է միջնորդները թանկացրած լինեն ապրանքը, ոչ թե ներմուծողները։

Ապրանքների մաքսային արժեքի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք որոշակի թանկացում ունեն, այսինքն՝ մարտի ներմուծման գները տարբերվում են հունվար-փետրվարի գներից։

Ապրանքներն արդեն թանկ են ստացվում։ Գնի բարձրացման վրա շատ գործոններ կարող են ազդել, այդ թվում՝ հնարավոր չարաշահումները։ 

– Օրինակ՝ կիվիի դեպքում ի՞նչն է ազդել, որ թանկացել է։ Եղե՞լ են սպեկուլյացիաներ, ինչի հնարավորության մասին շատ փորձագետներ են խոսում։ 

– Ահա, կիվիի դեպքում ունենք 25 սուբյեկտ, որոնք զբաղվել են ներմուծմամբ։ Կիվին 1180 դրամից Երևանի խոշոր սուպերմարկետներից մեկի ցանցում դարձել է 1290, այնուհետև՝ 1380 դրամ, թանկացել է 200 դրամով, այսինքն՝ 100 տոկոս թանկացման մասին խոսք լինել չի կարող, ինչպես հայտարարում են շատերը։

Մենք գնի դինամիկան ենք դիտարկում և ոչ թե գնի չափը։ Սպեկուլյացիայի մասին դեռ վաղ է խոսել։ Մենք ուսումնասիրում ենք ամբողջ շղթան, որպեսզի կարողանանք գնահատել դրա մասնակիցների վարքագիծը: Ներմուծողները շատ են, իրացնողները շատ են, շուկան մրցակցային է։ 

– Պարո՛ն Կարապետյան, մասնագետները մտահոգություն ունեն, որ ՏՄՊՊՀ-ն չի աշխատում, ակտիվ չեն ներկայացվում ուսումնասիրությունների արդյունքները, մինչդեռ հանրությանը հետաքրքրում է՝ ինչո՛ւ է գնաճ։

– Հանձնաժողովը գների կարգավորման, գնաճի զսպման, գնաճի վերահսկման հետ որևէ առնչություն չունի։ Հանձնաժողովը և գները առնչվում են այնքանով, երբ չարաշահում է տեղի ունենում խոշոր սուբյեկտների կողմից։ Խոշոր սուբյեկտները չարաշահում են՝ կա՛մ իրենց գերիշխող դիրքը օգտագործելով, կա՛մ գալիս են հակամրցակցային համաձայնության։ 

Եթե այս երկու երևույթներից որևէ մեկը չկա, ապա շուկայում գների տատանումները ՏՄՊՊՀ-ի տիրույթում չեն։ Այդ թվում՝ ցիտրուսային մրգերի գները, քանի որ այս շուկայում շատ են տնտեսավարող սուբյեկտները, ապա թե՛ գերիշխող դիրքի չարաշահումը, թե՛ հակամրցակցային համաձայնությունների հավանականությունը շատ է նվազում։ 

Մեր մասնագետներն այս օրերին ամեն օր են աշխատում, ուսումնասիրություններ են իրականացնում, և դիտարկումները, թե հանձնաժողովն անգործության է մատնված, անհիմն են և տեղեկացված չլինելու հետևանք։

– Դուք ասացիք՝ ուսումնասիրություններ եք անցկացնում խոշոր խանութների ցանցերում։ Ցիտրուսային ապրանքատեսակների մասով հասկանալի էր, մնացած ապրանքատեսակների առումով ի՞նչ պատկեր է։ 

– Ստեղծված իրավիճակում տնտեսական մի շարք պայմանների փոփոխություն է կատարվել, որոնք գների տեղաշարժի վրա ազդեցություն են ունենում։ Դա արտարժույթի փոխարժեքի փոփոխությունն է և տնտեսավարող սուբյեկտների մոտ լոգիստիկ խնդիրների առաջացումը՝ ապրանքներն ավելի դժվար են հասցնում Հայաստան, տրանսպորտային ընկերությունները բարձրացրել են գները։

Կան ապրանքներ, որ թանկացել են, կան ապրանքներ էլ, որ էժանացել են։ Օրինակ՝ բենզինի գներն են իջել, շատ քիչ բարձրացել են շաքարավազի, կարագի, ձեթի, հավի մսի շուկաներում։

Հանձնաժողովը գնահատում է տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը՝ պարզելու խախտում եղե՞լ է, թե՞ ոչ։

Մասնավորապես, ձեթի ու ալյուրի շուկայում, որտեղ գնի մի փոքր ավելի բարձրացում է եղել, հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հավաքում տնտեսավարող սուբյեկտներից։

Եթե լինի վարչական վարույթ հարուցելու հիմք, մենք վարույթ կհարուցենք ու գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր երևույթների բացահայտման ուղղությամբ վարույթը կիրականացնենք։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am