Հինգ տարվա գաղտնի սիրավեպից հետո Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է վրացի օպերային երգչի հետ

Լիխտենշտեյնի 34-ամյա արքայադուստր Մարիա Իմակուլատան հոկտեմբերի 31-ին Վիեննայում ամուսնացել է վրացի Զուրաբ Ձիձիգուրիի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի կաթոլիկ եկեղեցում՝ վրաց ուղղափառ եկեղեցու ծիսակարգով, որին հաջորդել է կաթոլիկ օրհնության արարողությունը։

Հարսանեկան թագերը զույգին տրամադրել են փեսացուի քույրը՝ Քրիստինեն, և նրա ամուսինը՝ իշխան Խուան Բագրատիոն-Մուխրանին, որը վրացական Բագրատիոնների արքայատոհմի ներկայացուցիչ է։

Մարիա Իմակուլատան Լիխտենշտեյնի իշխան Գունդակարի և Օռլեանի արքայադուստր Մարի Իզաբելի դուստրն է։ Նրա քեռին՝ Փարիզի կոմս Ժանը, ֆրանսիական Օռլեանների արքայատոհմի ղեկավարն է։

Արքայադուստրն աշխատում է Վրաստանի Բաթում քաղաքում գործող Marti Holding ընկերությունում՝ զբաղեցնելով ներդրումների և գործընկերային հարաբերությունների գծով ղեկավար պաշտոն։ Նա նաև համագործակցում է PMCG խորհրդատվական ընկերության հետ և 2026 թվականի մարտից ընդգրկված է LGT Venture Philanthropy բարեգործական հիմնադրամի խորհրդում։

Զուրաբ Ձիձիգուրին աշխատում է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունում՝ որպես նախագծերի ղեկավար։ Նա նաև տենոր է և հարսանեկան ընդունելության ընթացքում ընկերների հետ օպերային կատարում է ներկայացրել։

Պսակադրությունից հետո նորապսակները ձիաքարշ կառքով ուղևորվել են Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոց, որտեղ կայացել է հարսանեկան ընդունելությունը։

Զույգի սիրո պատմությունը սկսվել է 2021 թվականին Թբիլիսիում։ Փեսացուի քրոջ՝ Քրիստինեի պատմելով՝ հենց այդ ժամանակ արքայադուստրն առաջին անգամ այցելել է Վրաստան և ծանոթացել Զուրաբի հետ։ Նրանց ընկերությունն աստիճանաբար վերածվել է սիրո։

Գերմանական Bunte ամսագրի տեղեկություններով՝ զույգը ծանոթացել է Կովկասում դահուկային հանգստի ժամանակ։

Հարսանիքին ներկա են եղել արքայադստեր ծնողները, քույրն ու եղբայրները, ինչպես նաև եվրոպական ազնվական ընտանիքների այլ ներկայացուցիչներ։

Նշվում է, որ զույգի նշանադրությունը մինչ հարսանիքը հրապարակայնորեն չէր հայտարարվել՝ Լիխտենշտեյնի իշխանական տան տոհմական կանոնների պատճառով։