ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացված անուղղակի բանակցությունները «շատ լավ» են ընթացել։ Այդ մասին հայտնում է CBS News-ը։
«Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «շատ ուժեղ հարված է հասցրել» Իրանին, սակայն այժմ կողմերը «լավ լեզու են գտնում»։
Դոհայում ընթացող տեխնիկական բանակցությունների շրջանակում ամերիկացի և իրանցի պաշտոնյաները դեմ առ դեմ չեն հանդիպել, թեև նման ձևաչափ նախատեսված է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Փոխարենը, Պակիստանի և Կատարի միջնորդները փոխանցում են կողմերի դիրքորոշումները՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը վերջին ռազմական բախումներից հետո։
Բանակցությունների ընթացքը դրական է գնահատել նաև Կատարը։ Երկրի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել։
Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ընդգծելով, որ բանակցությունները լավ են ընթանում, չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
«Ես չեմ կարող որևէ բան երաշխավորել, որովհետև դա կախված է նրանից, թե ի վերջո ինչ կորոշեն անել իրանցիները»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը մտադիր չէ կրկին զինվորականներ ուղարկել Իրան, եթե դրա համար հստակ անհրաժեշտություն չառաջանա։
«Եթե Իրանը փորձի վերականգնել իր միջուկային ծրագիրը կամ կրկին սկսի հարվածել առևտրային նավերին, դա կփոխի մեր հաշվարկները»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը հավելել է, որ ներկայում Թրամփի հանձնարարականը կողմերին բարեխղճորեն բանակցելն ու համաձայնության հասնելն է։
«Մեզ մտահոգում է միջուկային հարցը, և մենք պատրաստվում ենք սկսել դրա շուրջ քննարկումները։ Բանակցությունները դեռ վաղ փուլում են, բայց ընդհանուր առմամբ դրական են ընթանում»,- ասել է նա։



















