«Մեդիալաբի» հարցերին պատասխանում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանդիպումն Աբու Դաբիում, ի՞նչ էական արդյունքներ տվեց հանդիպումը խաղաղության օրակարգի համատեքստում:
– Նախ ասեմ, որ մեր պատկերացրած խաղաղությունն ու նրանց պատկերացրածը լրիվ այլ են: Ես իրական խաղաղության տարրեր չնկատեցի, որքան էլ մամուլից տեղեկանում ենք, թե եղել է կառուցողական ու ջերմ հանդիպում: Գիտենք, ու մեզ համար նորություն չեն Ադրբեջանի պահանջները, որոնք բազմիցս ու արդեն բացահայտ հնչում են Ադրբեջանի կողմից՝ Սահմանադրության փոփոխություն, «Արցախ» բառի դուրսբերումը Անկախության հռչակագրից, խորհրդանշաններից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձ, միջազգային հայցերից հրաժարում: Ընդ որում՝ այս բոլորը միակողմանի զիջումներ են, որոնք կատարելու պատրաստակամություն ունի Հայաստանի Հանրապետությունը:
«Զանգեզուրի միջանցքը», իհարկե, այլ բառամթերքով ու փաթեթավորմամբ են ներկայացնում, խոսվեց միջազգային կազմակերպության արտապատվիրակման մասին, որի վերաբերյալ խոսեց ՀՀ փոխարտգործնախարարը, որ հայկական կողմը դեմ չէ, նույնիսկ կողմ է։ Հասկանալի է, որ այս ամենը ադրբեջանական օրակարգի բավարարում է, ընդ որում, կրկնում եմ՝ միակողմանի, իսկ զիջող կողմը Հայաստանն է, չկա գեթ մեկ կետ, որտեղ Ադրբեջանն է ինչ-որ բան զիջում:
Հավանական է, որ ամերիկյան ինչ-որ ընկերության կտրամադրեն այդ վերահսկողության գործառույթը, իհարկե դա շատ գեղեցիկ կներկայացնեն, որ բյուջե գումար է նստելու, մենք անգամ չենք զբաղվելու մաքսային, հարկային գործառույթներով, բայց մեր փոխարեն կանեն, կառավարության հետ պայմանագիր կկնքեն, այսինքն՝ այդ ամենը շատ գեղեցիկ կներկայացնեն, բայց դրանից բխող հետևանքների մասին չեն խոսում:
Ադրբեջանական մամուլը հենց հիմա պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Աբու Դաբիում հստակ դիրքորոշում է ձեռք բերվել, որ այդ արտապատվիրակված ճանապարհը լինելու է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, հասկանում եք, չէ՞, որ դա Սահմանադրության խախտում է, որ դա Ռուսաստանի ու Իրանի դեմ է ուղղված, որ դա լուրջ տարածաշրջանային ռիսկեր է պարունակում: Մենք հասկանում ենք, չէ՞, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ուր են տանում, իսկ այս բոլոր ռիսկերի մասին, իհարկե, որևէ խոսք չկա իշխանության կողմից:
– Դուք խոսում եք արտապատվիրակելու հնարավոր ռիսկերի մասին, բայց ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ու նշել, որ որևէ նոր բան չի ասել փոխարտգործնախարարը, նա ընդամենը «վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը»:
– Դե, իրենց ավելի ձեռնտու է սեփական ժողովրդին կերակրել այդպիսի գեղեցիկ բառամթերքով ու դա ներկայացնել որպես «Խաղաղության խաչմերուկ», բայց պարզ է, որ դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է: Եթե քո սուվերեն տարածքի մի հատված պատվիրակում ես այլ երկրի կամ այլ միջազգային կառույցի, դա արդեն իսկ միջանցք է, անկախ նրանց, թե քո պետբյուջե մտնում է գումար, դու տրանզիտ ես հանդիսանում: Ասում են՝ խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, իհարկե, եթե այդքան բանն անում ես, այլևս պատերազմի տրամաբանություն ու իմաստ չկան, այսինքն՝ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում ես:
– Պարո՛ն Կարապետյան, այսինքն՝ ի՞նչ տվեց այդ հանդիպումն Ադրբեջանին ու Հայաստանին:
– Այն, որ հայկական կողմը սեփական ժողովրդին կասի՝ պատերազմը բացառված է, տեսեք, որ մենք իրոք խաղաղաբեր ենք և այլն:
– Այդ պարագայում Ադրբեջանի ղեկավարը կտա՞ իր ստորագրությունը այդ փաստաթղթի համար:
– Շատ կարևոր բան եք ասում, շատ հավանական է, որ այդ պարագայում այս տարի արդեն կնքվի այդ պայմանագիրը, ու բնավ էական չէ, թե որտեղ կկնքվի, էականն այն է, որ փաստացի բոլորիս հայտնի այդ 17 կետով համաձայնեցված թուղթը Հայաստանը պատրաստ է ստորագրելու, ընդ որում՝ այդ կետերի զգալի մասը վտանգավոր ու ռիսկային է մեզ համար, արդեն խոսեցինք այդ մասին, Ադրբեջանը շատ հնարավոր է, որ ստորագրի այդ փաստաթղթի տակ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















