«Թուրքիայում վախի մթնոլորտը կա, շատ քչերն են համարձակվում այս մասին բարձրաձայն խոսել». «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, ապրիլի 24-ին ինչ միջոցառումներ են տեղի ունեցել, ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում՝ եթե համեմատենք նախորդ տարիների հետ: Ընդհանրապես, ի՞նչ կոչեր են հնչում, իշխանությունից ի՞նչ ուղերձներ են գալիս:

– Ամեն տարի Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ էր հղում, այս տարի այդ մասին որևէ բան չեմ լսել: Պոլսո պատրիարքությունն իր կայքի միջոցով պատարագ է մատուցել զոհերի հիշատակին: Սակայն դա ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին էր նվիրված: 

Բացի այդ, տեղի ունեցան առցանց ասուլիսներ: Դրանից զատ, արդեն երրորդ օրն է, որ առցանց համաժողով է անցկացվում, որին ակադեմիական շրջանակների բավական հետաքրքիր անձինք են մասնակցում, զեկույցների մի մասը թուրքերեն է, մի մասը՝ հայերեն: 

Շատ հետաքրքիր էր, որ երեկ թուրք ակադեմիականը հայերենով արտահայտվեց: Բացի այդ, «Անտիկապիտալիստ մահմեդականներ» անունով խմբակը և նախորդ տարիներին հանրահավաքներ կազմակերպող հարթակը միասնաբար ասուլիս են կազմակերպելու այսօր երեկոյան և հանդես են գալու հայտարարությամբ: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը այս տարի դարձյալ խորհրդարանի ամբիոնից կոչ ուղղեց՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Նա ընդգծեց, որ հենց Թուրքիայի խորհրդարանը դա պետք է անի, մեզ համար նշանակություն չունեն ուրիշ երկրների խորհրդարանները, քանի որ սա հենց այս երկրի խնդիրն է: 

Հետևաբար Թուրքիայի խորհրդարանը պետք է ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այսքանով սահմանափակվում են Թուրքիայում հիշատակի միջոցառումները:

Սակայն մամուլը բավական անդրադարձներ է ունեցել ապրիլի 24-ին: «Ակօսը» այս շաբաթվա վերջին համարում բավական լայն կերպով անդրադարձավ այս խնդրին, այլ լրատվամիջոցներում էլ հիշատակումներ եղան, բայց շատ միջոցառումներ չեն եղել: 

– Կարո՞ղ ենք ասել, որ կորոնավիրուսը խանգարեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի բոլոր միջոցառումները կյանքի կոչվեն: 

– Անշուշտ այդպես է: 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Պոլսո պատրիարքության կազմակերպած պատարագը ոչ թե Ցեղասպանության, այլ ընդհանրապես Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին էր նվիրված: 

– Դա հոգևորականների սովորություն դարձած վախկոտություն է: Հոգևորականները միշտ էլ այդպես են՝ լինեն հայ թե ասորի, բոլորն էլ նույն կեցվածքի մեջ են, հատկապես Թուրքիայում: Հոգևորականներն իրենք իրենց ճնշման տակ են զգում, մինչդեռ այդ ճնշումից հասարակության բոլոր հատվածներն էլ իրենց բաժինն ունեն:

– Ինչո՞վ էր պայմանավորված, որ այս տարի Էրդողանը ապրիլի 24-ին ուղերձով հանդես չեկավ:

– Պայմանավորված էր ստեղծված մթնոլորտով ու միջավայրով, երևի դրա կարիքը չզգաց: 

– Կարո Փայլանի նման հայտարարությունները որքանո՞վ են վտանգավոր իր համար: 

– Անշուշտ, նման հայտարարություններ անելու համար որոշակի քաջություն է պահանջվում, բայց Փայլանը այդ քաջությունը որդեգրած մարդ է, հետևաբար, ինչ-որ պետք է ասի որպես հայ պատգամավոր, ասում է և իր խոսքերը չի խնայում: 

– Թուրք հասարակության տրամադրություններում վերջին տարիներին ի՞նչ փոփոխություններ կան: Հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված, որքանով է ավելի համարձակ, որքանով է պահանջում ճանաչել Ցեղասպանությունը:

– Բնականաբար, այս հարցում շատ էական է իշխող քաղաքականությունը, իսկ իշխող քաղաքականությունը բոլոր հարթակներում ճնշում է բանեցնում հանրային շրջանակների վրա: Հետևաբար, մարդկանց համարձակությունն էլ համեմատաբար նվազում է: 

Ես շատ մարդկանց գիտեմ, որոնց առաջարկվում է այս մասին կարծիք հայտնել, նրանք խուսափում են այդ կարծիքը հայտնելուց: Շատ քչերն են, որ համարձակվում են այս մասին բարձրաձայն խոսել, մեծամասնությունը խուսափում է, չեն ուզում որևէ փորձանքի ենթարկվել: Անշուշտ Թուրքիայում վախի մթնոլորտը կա: 

– Մենք ականատես ենք լինում, որ Թուրքիայում շատերը հետապնդվում են իշխանությունների կողմից գրքեր գրելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: 

– Այո, այդպես է: Այդ անձինք Հայոց ցեղասպանության մասին ամեն մի ելույթի ժամանակ միշտ մտքի ծայրով անցկացնում են, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ իրենց համար: Այդ մտահոգությունը միշտ կա: Իհարկե կան մարդիկ, որ այդ մտահոգությունն իմանալով հանդերձ՝ խոսում են այդ մասին: Բնականաբար, ջախջախիչ մեծամասնությունը լռության մեջ է տեսնում ապահովությունը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am