Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Արշակյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ:

Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում:

«Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա»,-ասաց Արշակյանը:

Նա հավելեց, որ տարբեր ժամանակներում տարբեր նման արտահայտություններ կամ դրան նմանվող արտահայտություններ եղել են: «Իրենց ներքաղաքական, երկրին վերաբերող հարցերի շուրջ հնչող հայտարարություններ են, որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում Հայաստանում»,-վստահեցրեց Արշակյանը:

Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարարության պատասխան հայտարարության մասին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի տարբերվում դրանից:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։