Վայելչակազմ ու խնդիրներ ստեղծող…քաղաքապետ բարո~վ գնաս. Կարեն Կարապետյանի հրաժարականը` սոցիալական ցանցերում

2009 թվականի մայիսին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից երկուս ու կես տարի անց Երեւանում արդեն երկրորդ քաղաքապետն է հրաժարական տալիս:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ պաշտոնապես հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը` ներողություն խնդրելով երեւանցիներից` բուռն քննարկումների եւ մեկնաբանությունների տեղիք տալով:

«Այո, ճիշտ է, ես պատրաստվում եմ տալ հրաժարական»,- երեկ պաշտոնապես հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ իր պաշտոնը Կարապետյանը ստանձնել է մոտ մեկ տարի առաջ, երբ հրաժարական տվեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այն բանից հետո, երբ ըստ տարածված լուրերի, վերջինս ծեծի ենթարկեց Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդանյանին:

Աղմկահարույց այդ պատմությունից դեռ մեկ տարի էլ չանցած, Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն հավատացնելով, թե իշխանությունների հետ տարաձայնություններ չունի, եւ որ իր հեռանալը ` անձնական պատճառներ ունի եւ «պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով»:

Երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կարապետյանը նաեւ նշել է, որ իր հրաժարականը տարաձայնությունների հետ կապ չունի:

«Ուզում եմ նաեւ ասել, որ  այս երկու օրը մամուլում իմ կողմից կարդացած  մեկնաբանությունների վերաբերյալ՝  որեւիցե ներիշխանական, քաղաքական տարաձայնույթունների հետ կապված  չէ իմ հրաժարականը: Ավելին,  այն վստահությունը, որն ուղղակի   ցուցաբերվում  էր եւ հանրապետության նախագահի կողմից, եւ կուսակցության  կողմից, եղել է անսահման: Չի  եղել մի դեպք լուծումների, որոշումների հետ կապված, որ մեր պատկերացմամբ   ճիշտ են քաղաքի  համար, ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»,- ասել է Կարապետյանը:

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը նաեւ թեժ քննարկումների թեմա է դարձել նրա Ֆեյսբուքյան էջերում. այնտեղ կարելի է հանդիպել ամենատարբեր մեկնաբանությունների` թե ափսոսանքով լեցուն, եւ թե հակառակը: Առավել բուռն տարաբնույթ քննարկումներ եւ մեկնաբանություններ են ստացել մասնավորապես Կարապետյանի ֆոյսբուքյան պաշտոնական էջը, որը ավելի քան 20 հազար հետնորդ ունի:

Օգտատերերից մեկը գրել է.

«Հարգարժան պրն. Կարապետյան խորը կսկիծով և ցավով ենք ընդունել Ձեր որոշումը: Ցանկանում եմ ի սրտե շնորհակալությունս հայտնել ձեր կատարած աշխատանքի համար…Դուք մեզ ցույց տվեցիք,որ պաշտոնյան իր գրպանից բացի կարող է մտածել նաև ժողովրդի ,քաղաքի մասին….հուսով եմ,որ Ձեր գործելակերպը օրինակ կծառայի մեր պետական այրերի համար..Դուք միշտ կմնաք մեր պայծառ հիշողություններում,և լիահույս ենք ,որ մեկ օր կվերադառնաք!!!:Դուք միակ պաշտոնյան եք,ում հեռացումը թախիծով է լցրել քաղաքի ստվար մեծամասնության սիրտը…Կեցցեք!!! Ձեզ մեծամեծ հաջողություններ….!!!!»:

Մեկ այլ օգտատեր հավելել է. «Իմ սիրելի քաղաքապետ, ես շատ տխրել եմ, շատ ափսոս: Ձեզ նման կիրթ, վայելչակազմ, խելացի քաղաքապետ էլ չենք ունենա»:

Ի հակադրություն այս ափսոսախառը խոսքերի` Կարեն Կարեպետյանի էջում կարելի է կարդալ նաեւ նման մեկնաբանություններ. «Ժողովուրդ, այս մահախոսականին վերջ տվեք: Մարդը ոչ թե մահացել է, այլ գնում է արտագնա աշխատանքի,այսինքն խոպան` փող աշխատելու: Ավելի լավ է այն մարդկանցից կարծիք հարցրեք, ում երեխաները սոված մնացին հարգարժան պարոն Կարապետյանի «բարեփոխումների» շնորհիվ»:

Մեկ այլ օգտատեր էլ հեգնում է. «Օօօօ~օ, ինչպիսի ցավ համայն հայության: Եկեք խարակիրի լինենք, գլխներիս մոխիր լցնենք, թրաշ պահենք: Երեւանի քաղաքապետը հեռացել է… Ռուսաստան, թքած ունենալով բոլորիս վրա»:

Հիշեցնենք, որ այս ամռանը Կարեն Կարապետյանի հանձնարարականով Երեւանի կենտրոնական հատվածի տարբեր փողոցներում վերսկսված անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած կրպակների եւ տաղավարների ապամոնտաժման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքացիների շրջանում, ովքեր բողոքում էին, որ զրկվել են ապրուստի միակ միջոցից: Կրպակատերերը մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիաներ են անցկացրել քաղաքապետերանի մոտ:

Ու մինչ Կարապետյանի հրաժարականի շուրջ թեժ քննարկումները չեն դադարում, Երեւանի քաղաքապետարանն արդեն հանդես է եկել պաշտոնական հաղորագրությամբ` այն մասին, թե ով է կատարելու վերջինիս պարտականությունները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա՝  մինչև օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը»,- գրված է քաղաքապետերանի հաղորդագրության մեջ:

Քրիստինե Խանումյան

Medialab.am