Մարտի 27-28-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության /ԱՀԱ/ ներդրման հայեցակարգը, համաձայն որի կմշակվի և կընդունվի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը: Կարգավորման առարկան կլինի ապահովագրված անձանց և շահառուների շրջանակի սահմանումը, ապահովագրության օբյեկտը:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անպտղություն ունեցող անձանց համար գործող մի շարք սահմանափակումների վերացում: Դա կխթանի բնակչության ծնելիության աճը: Օրենքի դրույթների ազատականացումն առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության աճը մեր երկրի ռազմավարական խնդիրն է:
Քննարկվել է նաև կլինիկական ռեզիդենտուրայի մոդելի ներդրման հարցը: Օրենսդրական կարգավորումները հնարավորություն կստեղծեն կլինիկական ռեզիդենտուրայի իրական մոդելին առավելապես հարմարեցված հետբուհական բժշկական մասնագիտացման տեղայնացված մոդելի կայացման համար: