Այսօր Շուշիում մեր հրետանին, մեր հրետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել. Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր», -ընդգծեց Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի, թշնամին դեպի Շուշի տանող ճանապարհին հարյուրավոր զոհեր են թողել։

«Այսօր մեր հրետանին, մեր հրետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։

Տեղում կռվող զինվորականները շատ հստակ ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսքան հիասքանչ չէր աշխատել։ Իրավիճակը հստակ փոխված է, վաղը դժվար նման իրավիճակ լինի, բայց ծանր մարտեր էին», -հայտնեց Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ ANNA գործակալության։