ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա հրադադարի մնացած ժամանակահատվածում Իրանը Հորմուզի նեղուցը բաց է հայտարարել բոլոր առևտրային նավերի համար՝ հաշվի առնելով Լիբանանում հաստատված հրադադարը։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Համաձայն Լիբանանում հաստատված հրադադարի՝ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածի համար, համաձայնեցված երթուղով, ինչպես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից», – նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադար։ Չնայած դրան՝ Լիբանանը հայտնել է խախտումների մասին, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանը արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչ ռազմական գործողությունների սկիզբը նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատվել է երկշաբաթյա հրադադար, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը՝ արգելելով նավերի մուտքն ու ելքը։



















