Էրդողանն ավելի կոշտ արտաքին քաղաքականություն կիրականացնի, քան մինչև հիմա էր, ու դա բխում է իր մոտեցումներից. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահ վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանը փոխեց կառավարության ամբողջ կազմը, ինչո՞վ եք սա պայմանավորում, եթե հաշվի առնենք, որ նախորդ կառավարությունը ևս իր որոշմամբ էր ձևավորվել։

– Առաջին միտումը, որը կարելի է արձանագրել, այն է, որ կարևոր պաշտոններ ստացան Էրդողանին անձամբ շատ մոտ մարդիկ, մասնավորապես՝ արտգործնախարար նշանակվեց Հաքան Ֆիդանը, որը տարիներ շարունակ ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ու համարվում է Էրդողանի գաղտնիքների պահապանը, շատ մոտ մարդ է։ Շատ կարևոր գաղտնի հանձնարարություններ է իրականացրել, նա կարևոր դերակատարում ունեցավ 2016 թվականին, որն օգնեց Էրդողանին դուրս գալ այն ծանր իրավիճակից, որը ստեղծվել էր ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված։ 

Երկրորդ միտումն այն է, որ ընդհանուր առմամբ նշանակվեցին այնպիսի նախարարներ, որոնք տարիքով ավելի երիտասարդ են, սա կարևոր է այն առումով, որ Էրդողանը փորձում է այդպիսով երիտասարդության գոնե մի մասին հավաստիացնել, թե ինքը պաշտպանելու է երիտասարդների շահերը և այլն։ 

Երրորդ միտումն էլ այն է, որ այս կառավարության կազմում կան այնպիսի գործիչներ, որոնք, ենթադրվում է՝ Էրդողանից հետո կարող են լինել Թուրքիայի ղեկավար, նրանցից մեկը, օրինակ՝ Ֆիդանն է։

Նրանց նշանակումը հենց փորձ ձեռք բերելու համար է արվում, որ հետագայում նրանք կարողանան շարունակել Էրդողանի քաղաքականությունը՝ լինելով և՛ իր ընտանիքի անդամ, և՛ իրեն մոտիկ մարդ։ 

Եթե գաղափարական առումով բնութագրենք կառավարության անդամներին, ապա, իմ ընկալմամբ՝ այստեղ գերակշռում են այն նախարարները, որոնք առավել հայտնի են որպես Էրդողանին առավել գաղափարակից, այսինքն՝ ունեն ուժեղ ազգայնական, իսլամիստական մոտեցումներ, մասնավորապես միակ կին նախարարը։ Նա այն երիտասարդ կինն է, որը եղել է Բելգիայում պատգամավոր ու կառավարող կուսակցության անդամ, որից վտարվել է այն պատճառով, որ կողմ չի քվեարկել կառավարող կուսակցության առաջարկած բանաձևին, որով դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը։ 

Կարևոր նշանակումներից էր նաև Իբրահիմ Քալընի նշանակումը, որը եղել է Էրդողանի մամլո քարտուղարը ու ներկայացուցիչը ու հայտնի է իր իսլամիստական հայացքներով, նշանակվեց ազգային հետախուզության ծառայության ղեկավար։ Այս կառավարությունը ավելի կոշտ արտաքին քաղաքականություն կիրականացնի, քան մինչև հիմա էր, ու դա բխում է Էրդողանի մոտեցումներից։ Այնպես որ, Թուրքիայի կողմից կշարունակվի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որի նպատակն է Թուրքիան դարձնել ավելի հեղինակություն վայելող երկիր աշխարհում, քան հիմա կա։

Ասացիք, որ նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնք անձնապես նաև առավել մոտ են Էրդողանին: Կարո՞ղ ենք ենթադրել, որ նա այս քայլին գնացել է, որովհետև ինչ-որ մտավախություններ ունի։

– Դժվար է գնահատել, բայց եթե գնահատենք երկրում առկա ընդհանուր իրավիճակը, ապա ընտրությունները ցույց տվեցին, որ փոքր է Էրդողանի ու ընդդիմության կողմնակիցների միջև տարբերությունը։ Եթե ընդդիմությունը կարողանա վերակազմակերպվել ու առաջնորդներ ի հայտ բերել, որոնք ավելի վճռականորեն կպայքարեն Էրդողանի դեմ, ապա, այո՛, դա բավականին լուրջ փորձություն կլինի նրա նոր ժամկետի համար։ Հետևաբար, նրա համար կարևոր է, որ առանցքային պաշտոնները զբաղեցնեն մարդիկ, որոնք իր հետ անձնական մոտիկություն ունեն ու վայելում են իր լիակատար վստահությունը։ Բացի այդ, նրանք շատ վճռական մարդիկ են, ինչը ևս շատ կարևոր է այս պայմաններում Թուրքիայի համար։

– Իսկ Թուրքիայում այս պահին ի՞նչ տնտեսական ու ներքաղաքական վիճակ է, պարո՛ն Սաֆրաստյան։

– Շատ կարևոր հարց եք տալիս, ես նշեցի քաղաքական առումով, որ փաստորեն երկիրը պառակտված է, բայց դրա հիմքում ընկած են այն իրողությունները, որ հիմա կան Թուրքիայում։ Մասնավորապես՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները, որոնք դեռ չեն վերացվել․ միլիոնավոր մարդիկ չունեն տուն, ապաստան, աշխատանք, լքել են իրենց նահանգները։ Հետևանքները վերացնելու աշխատանքները սկսվել են, բայց հիմնականում դեռ չեն արվել, իսկ այդ աշխատանքները լուրջ մարտահրավեր կլինեն Թուրքիայի համար առաջիկա տարիներին։ Թուրքիային այս վիճակից դուրս գալու համար շատ ներդրումներ են անհրաժեշտ, բայց ինքը չունի այդ հնարավորությունը։ 

Երկրորդ կարևոր մարտահրավերը երկրի տնտեսական ու ֆինանսական համակարգի ծայրահեղ ծանր վիճակն է․ սղաճը Թուրքիայում աստղաբաշխական թվերի է հասել, սոցիալական ամենատարբեր խավերի կյանքի մակարդակը կտրուկ անկում է ապրել։ 

Թուրքիայի համար կա նաև ավելի էքզիստենցիալ խնդիր, որն իր արտաքին քաղաքականությունն է, դա վատնում է երկրի ամբողջ ռեսուրսները, ու այս տնտեսական ծանր դրությունը որոշ չափով նաև դրա հետևանքն է։ Միայն այն փաստը, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են աշխարհի 14 երկրում, արդեն խոսում է իմ վերն ասվածի մասին։ Էրդողանի՝ իր գլխից բարձր թռչելու արտաքին քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն հարևան երկրների, այլ նաև բուն Թուրքիայի համար։ Դրա հետևանքները առաջիկա տարիներին ավելի ցցուն կերևան։

– Այսինքն՝ հույս ունենալ, որ Թուրքիայի տնտեսական ծանր վիճակը կմեղմի նրա ագրեսիվ քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ, իզո՞ւր է։

– Իհարկե իզուր է, որովհետև չնայած այդ բոլոր մարտահրավերներին, Էրդողանն ուղղակի չի կարող հրաժարվել այդ արտաքին քաղաքականությունից, որովհետև հենց դա է, որ որոշ չափով նաև օժանդակեց իր վերընտրվելուն։ 

Միջին թուրքի մտքում դեռևս վառ են Օսմանյան կայսրության մասին հիշողությունները, որը, իրենց ընկալմամբ, եղել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, ու դրա համար է Էրդողանը կարողանում հաջողության հասնել։ 

Վերջին ընտրությունն էլ ցույց տվեց, որ մարդիկ նախընտրում են ավելի վատ ապրել, բայց ունենալ այնպիսի ղեկավար, որը պատրանք է ստեղծում, թե ինքը վերականգնում է Օսմանյան կայսրության հզորությունը։ Սա կարևոր նրբություն է, որը պետք է նկատի ունենալ, եթե Էրդողանը հրաժարվի դրանից՝ կկորցնի իր այդ ուժեղ առաջնորդի ստեղծած կերպարը։

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի, Արցախի մասով դիրքորոշման որևէ փոփոխություն նկատվո՞ւմ է Էրդողանի մոտ, թե՞ ընդհակառակը։

– Դիրքորոշման փոփոխություն կարող է լինել, բայց՝ դեպի ավելի կոշտացում։ Մեր պատմական հիշողության վրա ներազդելու մասին էլ արդեն առիթ ունեցել եմ խոսել նաև ձեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am