Այս ընտրությունն ազդակ էր ընդհանուր ընդդիմությանը. քանի դեռ բոլոր ռեսուրսները չեն մեկտեղվել, հաղթելու շանս չի լինելու. Աննա Կոստանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Աննա Կոստանյանը

– Տիկի՛ն Կոստանյան, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը՝ որպես դիտորդ ինչպե՞ս եք գնահատում:

– Բոլոր հինգ տեղամասում, որտեղ շրջել եմ ողջ օրվա ընթացում, ու մեկ տեղամասում՝ ողջ հաշվարկի ընթացքում, կարող եմ ասել, որ ամբողջ օրն ուղեկցվել է խախտումներով, չհաշված հաշվարկը: Ընդ որում՝ խախտումները միայն ընտրության օրը չեն եղել, այլ նաև՝ նախընտրական շրջանում: 

Մասնավորապես այն դեպքերն եմ ուզում մատնանշել, երբ հատկապես ՔՊ թեկնածուի շտաբները գտնվում էին ընտրական տեղամասերին՝ օրենքով չսահմանված հեռավորության վրա, դա խախտում էր, որը պետք է վերացված լիներ մինչև ընտրություն, ինչը չէր արվել: Օրինակ՝ Էջմիածին քաղաքի հենց կենտըոնում ՔՊ նախընտրական շտաբը գտնվում էր երկու ընտրատարածքի ճիշտ մեջտեղում: Մյուս դեպքը, երբ ընտրատարածքը գտնվում էր ուղիղ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի դեմ դիմաց, ինչը կարող է ճնշող դեր ունենալ քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա: 

Բայց ամենակարևորի ֆոնին այս ամենը կարելի է մեղմ խախտումներ համարել, որովհետև առաջին բանը, որ պետք էր անել, քաղաքացիների հետ պատշաճ, տևական ու հանգամանալից աշխատանք պետք էր տանել, ինչը չէր արվել: Սա ասում եմ, որովհետև տարբեր տարածքներում գտնվելով, քաղաքացիների վարքագծից եկա մի պարզ եզրահանգման, որ մարդիկ շարունակում են գալ ընտրատարածքներ՝ տարբեր հանգամանքներից դրդված ու ստիպված: 

Չէիք տեսնի մի մարդ, որը գալիս է իր քվեն տալու իր նախընտրելի թեկնածուին, նման դեպքեր կարելի է մատների վրա հաշվել հիմնականում ՔՊ-ի թեկնածուի օգտին, դրանք կարող էին լինել թե՛ բարեկամներ, թե՛ հարազատներ: Այն քաղաքացիները, որոնք գալիս էին, ակնհայտ էր, որ լարված էին, շփոթված, անհանգստացած, այսինքն՝ այդ մարդիկ գալիս էին ընտրություն կատարելու ստիպված՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, թե ի՛նչ հանգամանքներից, դա արդեն առանձին քննության առարկա կարելի է դարձնել: 

Ընդհանուր առմամբ՝ ընտրական այս պրոցեսը ցույց տվեց, որ Հայաստանում ընտրությունների մշակույթը չի փոխվել, սա շատ վատ պրակտիկա է, ու քանի դեռ մենք նոր ընտրական մշակույթ չենք որդեգրել, բոլոր տեսակի իշխանությունները վերարտադրվելու են, ու Հայաստանի համար հաստատ լավ չի լինելու: 

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրական պրոցեսը ցույց տվեց, որ սա մի թրեյնինգ էր ի նախապատրաստություն 26-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների: Այս ընտրությունը նաև ազդակ էր ընդհանուր ընդդիմությանը. քանի դեռ ընդդիմության թևերը չեն գիտակցել ու լրջորեն չեն ընդունել, որ իշխանությանը հաղթելու միակ երաշխիքը կարող է ու պետք է լինի միավորված, մեկ ընդհանուր ճակատով հանդես գալը, չկա հաղթելու շանս: Այս իշխանությունը էապես տիրապետում է հսկայական մարդկային, ֆինանսական և վարչական ռեսուրսների, ու քանի բոլոր ընդդիմադիր ռեսուրսները չեն մեկտեղվել, այս իշխանությանը ընտրությունների միջոցով հաղթելու շանս չի լինելու: 

– Գործող իշխանությունը չունի՞ աջակցություն հանրության կողմից:

– Իհարկե ունի, ես չունեմ այնպիսի տպավորություն, որ չունի, բայց այդ աջակցությունը շատ-շատ տարբեր շերտեր ունի. Օրինակ՝ մարդիկ վախենում են այսպես կոչված նախկինների վերադարձից, դա կարող է լինել սոցիալական կարիքից դրդված, ինչ դրդապատճառ էլ լինի, միևնույն է, ժողովրդին մեղադրել չի կարելի: 

Մարդկանց հետ պետք է ճիշտ աշխատանք տարվեր տարիներ շարունակ, բայց չի արվել: Ի՞նչ է արվում, որպեսզի ժողովուրդը տեսնի Նիկոլ Փաշինյանին լավ ու իրական այլընտրանք, ոչ մի բան, քանի դեռ չի տեսել հստակ ու իրատեսական ծրագիր, այլընտրանքը լինելու է այն, ինչ եղավ:

– Տիկի՛ն Կոստանյան, ձեր դիտարկումներով՝ որքանո՞վ կարելի է երեկ կայացած ընտրությունները գնահատել որպես ազատ, արդար, ժողովրդավար և թափանցիկ։

– Շատ դժվար է գնահատական տալ ընդհանրական առումով, որովհետև, նորից եմ կրկնում, ընդամենը հինգ տեղամասում, որտեղ անձամբ եմ շրջել, բազմաթիվ երևույթների եմ հանդիպել, որտեղ տեսել եմ մարդկանց ուղղորդումներ՝ ոչ միայն վստահված անձանց, այլև անհայտ անձանց կողմից, իսկ դրանք հաստատ շատ պատահական ուղղորդումներ չեն, բնականաբար դրանք չեն կարող ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին լինել: 

Տարեց մարդը, որ գալիս է ընտրատեղամաս, նույնիսկ չգիտի՝ ի՛նչ ընտրության մասին է խոսքը, պատկերացում չունի թեկնածուների վերաբերյալ, չգիտի ընտրություն կատարելու ընթացակարգի մասին, ինչպե՞ս կարելի է խոսել ազատ, արդար ընտրության մասին: Չկա գիտակից ընտրություն, Վաղարշապատի տարբեր տեղամասերում դրան ականատես եղանք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am