Ադրբեջանի ԱԳՆ-ն «արդարացնում է» Ալիևին. նա սպառնացել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

«Fip.am»-ը գրում է

ՍԽԱԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 20-ին «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին: Հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ Ալիևի խոսքում ակնհայտ սպառալիքներ կային՝ ուղղված ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել էր Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»,- նշել էր Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ապրիլի 21-ին հակադարձել է Աննա Նաղդալյանին՝ պնդելով, որ Ալիևի խոսքում չկա որևէ սպառնալիք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ ընդամենը  ցուցիչ է, որ Ադրբեջանը վճռական է արձագանքել ցանկացած սպառնալիքի Հայաստանի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: 

«Ինչպես միշտ Ադրբեջանի Հանրապետության նախագահն արտահայտել է իր տեսակետները բավականին պարզ և հստակ: Եթե ​​Հայաստանի արտգործնախարարությունը ցանկանում է իր լսածը ներկայացնել այնպես, ինչպես ուզում է, դա արդեն իսկ նրանց չարամիտ մտադրությունների նշան է»,- ասել է Աբդուլաևան:

Լեյլա Աբդուլաևի՝ Ալիևի խոսքերի մեկնաբանության ճշմարտացիությունը ստուգելու համար «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Ալիևի հարցազրույցը, մասնավորապես, Սյունիքի վերաբերյալ նրա պնդումները: 

Ինչ է իրականում ասել Ալիևը

Իլհամ Ալիևն «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում խոսել էր 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքներում ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների կառուցման և այլ թեմաներով: 

Գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին խոսելիս՝ Ալիևը ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «հայկական վանդալիզմը», սակայն դրան զուգահեռ իրենք անելու են ամեն ինչ իրենց շահերը ապահովելու համար:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումն լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին։ Մենք իրականություն կդարձնենք Զանգեզուրի միջանցքը՝ ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ապա հարցը կլուծենք ավելի հեշտ, եթե չցանկանա՝ ուժով կլուծենք։ Այնպես, ինչպես պատերազմի առաջ  և դրա ընթացքում էի ասում, որ նրանք պետք է իրենց բարի կամքով հեռանան մեր հողերից, հակառակ դեպքում՝ մենք իրենց ուժով կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այնուհետև Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հարցում իրենց միակ մրցակիցը ժամանակն է, որովհետև երկաթգծի, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում ու շեշտել է, որ ծրագրի իրականացման համար  բոլորն ուժերն են մոբիլիզացրել:

«Այդպիսով, ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»,- հայտարարել էր Ալիևը։

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, փորձելով արդարացնել Ալիևին, իր խոսքում մեջբերել է նրա հարցազրույցից շատ կարճ հատված, որում ասվում է.«Եթե մենք նկատենք հնարավոր սպառնալիք, մենք կոչնչացնենք այն… որովհետև դա պաշտպանության, ազգային անվտանգության խնդիր է»: 

Փաստացի, Լեյլա Աբդուլաևան մանիպուլացրել է՝ չանդրադառնալով Ալիևի բուն սպառնալից խոսքին։

Իսկ Իլհամ Ալիևն իսկապես սպառնացել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ խոսել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում միջանցքի կառուցման մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ավելին՝ Ալիևը համեմատել է իր ծրագիրը 44-օրյա պատերազմի հետ՝  որպես դրա իրականացման միջոց դիտարկելով նաև ռազմական ճանապարհը: