Սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն:

Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

Լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:

Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1-ից 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա: